«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող՝ Ոստիկանության պարեկապահակակետային ծառայության գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած կալանավորված անձանց, ինչպես նաեւ հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանի իրավունքների ապահովման եւ բժշկական օգնության տրամադրման հարցերի մշտադիտարկումը շարունակվում է:

Մասնավորապես, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգւմների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչներն, այդ թվում՝ բժիշկն այսօր՝ փետրվարի 27-ին, այցելել են Արամ Մանուկյանին,  Պավել Մանուկյանին, Թաթուլ Թամրազյանին եւ Արմեն Լամբարյանին: Տեղի են ունեցել առանձնազրույցներ եւ միջոցներ են ձեռնարկվել բարձրացված հարցերը լուծելու ուղղությամբ:

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել նաեւ Արթուր Սարգսյանի հետ, ուսումնասիրել  նրա առողջական վիճակը, համապատասխան բժշկական փաստաթղթերն ու պահման պայմանները:

Արձանագրվել է, որ Ա. Սարգսյանը շարունակում է հրաժարվել բուժօգնությունից:

Տեղեկացնենք, որ նախորդ այցի արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանը արդեն իսկ համապատասխան գրություններ է ուղարկել իրավասու մարմիններին: