Ի աջակցություն «Հաց բերողի» նստացույց անող ակտիվիստների երկրորդ գիշերը Երեւանի Ազատության հրապարակում  հանգիստ է անցել: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նստացույցի կազմակերպիչներից Շահեն Հարությունյանը: Նա նշեց, որ Ազատության հրապարակում գիշերել են շուրջ 30 հոգով,  սակայն, մինչեւ լուսաբաց մնացել է 16-ը:

«Նախորդ գիշերվա համեմատ շատ էինք, շատերը գնացին մինչեւ լուսաբաց չմնացին»,-ասաց նա՝ նշելով, որ իրենց հսկել են ոստիկաններ:

Շահեն Հարությունյանի խոսքով, շարունակելու են իրենց նստացույցն այնքան ժամանակ, մինչեւ «Սասնա ծռեր» խմբին հաց տանելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը ազատ արձակվի:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ է հայտարարել եւ պահանջում է փոխել իր խափանման միջոց կալանքը: