Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր «Ավելիաց» գործարանում ծանոթացել է ընկերության արտադրական գործընթացին, խնդիրներին եւ առաջիկա ծրագրերին։ Նշենք, որ նախարարը պարբերաբար այցելում է նորաբաց եւ ընդլայնվող ձեռնարկություններ:
«Ավելիաց»-ը չրեր, ջրազրկված բանջարեղեն, հյութեր, կոմպոտներ, ջեմեր եւ մուրաբաներ է արտադրում: Ընկերության տնօրեն Թամարա Թադեւոսյանի խոսքով՝ իրենց արտադրանքն արտահանում են Ռուսաստան, եվրոպական երկրներ եւ ԱՄՆ, արդեն պատվերներ ունեն նաեւ արաբական երկրներից:
Նախարարի հետ զրույցում Թամարա Թադեւոսյանը նշել է, որ մտադիր են ընդլայնել արտադրությունը, ներդրումներ իրականացնել եւ պետության հետ հետագա համագործակցություն են ակնկալում։
Սուրեն Կարայանի հավաստմամբ՝ պետությունը պատրաստ է նոր ներդրումներ իրականացնող եւ բարեխիղճ գործարարներին սատարել բիզնեսն ընդլայնելու հարցում։ Կառավարությունն արդեն երկու անգամ ֆինանսական աջակցություն ցուցաբերել է ընկերությանը՝ տրամադրելով վարկ եւ 3 տոկոսային կետին համարժեք գումարի սուբսիդավորում:
«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը նշել է, որ ընկերությունը զրոյից գործունեություն սկսող բիզնեսի հաջող օրինակ է, որը 4 տարվա ընթացքում հասցրել է իր արտադրանքը ճանաչելի դարձնել ոչ միայն տեղական շուկայում, այլեւ արտահանման պայմանագրեր կնքել արտասահմանյան գործընկերների հետ:




























