«Հաց բերող» Արթուր Սարգսյանի արդեն երկրորդ անգամ կալանավորումը վտանգավոր քայլ է: Այս մասին մարտի 1-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից պատգամավորի թեկնածու Անահիտ Բախշյանը:
Նրա խոսքով՝ Արթուր Սարգսյանին զուգորդում են հացի, սրբության հետ: «Եթե Արթուր Սարգսյանին, որն ինքնազոհության գնով հաց էր հասցնում «Սասնա ծռեր» խմբի անդամներին, կալանավորում են, դա նշանակում է, որ իշխանություններն արժեզրկում են հացի հետ կապված սուրբ հասկացությունները: Իսկ դա հերթական ըմբոստության առիթ է»,- ընդգծեց Բախշյանը, որն ակներեւաբար Ոստիկանության պահակապարեկային գունդը գրաված զինված խմբի գործողությունները ազգային արժեքներին եւ սրբություններին միանգամայն համապատասխանող է համարում:
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Արթուր Սարգսյանի խափաման միջոցը փոխվել էր, բայց հետո նրան դարձյալ կալանավորեցին:


























