ԱՄՆ կողմից ԻՊ–ի ամրոց համարվող Ռաքքայի դեմ գործողությանը Սիրիայի քրդերի մասնակցությանը դեմ հանդես եկող Թուրքիան սպառնում է ԱՄՆ–ին՝ թույլ չտալ օգտագործել Ինջիրլիքի ավիաբազան։

Թուրքական Yenisafak պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ–ը մշակում է Ռաքքայի դեմ գործողություններ սկսելու տարբերակները, որոնց մեկով գործողությունն իրականացվելու է Թուրքիայի ԶՈՒ–ի ու Սիրիայի քրդերից կազմված YPG–ի մասնակցությամբ։

Թուրքական կողմը խիստ դեմ է հանդես գալիս քրդերի հետ համատեղ մասնակցել գործողությանը՝ պնդելով, թե իրենք ահաբեկիչների հետ չեն մասնակցի որեւէ գործողության։

Ըստ պարբերականի, թուրքական կողմը սպառնացել է, որ եթե ԱՄՆ–ը վերջնական որոշում կայացնի քրդերի հետ հարձակվել Ռաքքայի դեմ, ապա Թուրքիան թույլ չի տա Ինջիրլիքի ռազմաբազայում գտնվող ամերիկյան օդանավերը օդ բարձրանան։