ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Մատչելի վայրեր» 2017 մրցանակաբաշխության շրջանակում հաղթող է ճանաչվել «Մատչելի կապի օպերատոր» անվանակարգում եւ արժանացել է պարգեւի՝ որպես մատչելի սպասարկման սրահներ ունեցող ընկերություն:

ՎիվաՍել-ՄՏՍ-ից NEWS.am-ին հայտնում են, որ «Մատչելի վայրեր» մրցանակաբաշխությունն իրականացվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց ներառման հնարավորությունների խթանում եւ մասնակցայնության ընդլայնում» ծրագրի շրջանակում՝ հանրությանը մատչելի վայրերի մասին իրազեկելու եւ մատչելի ենթակառուցվածքներ ու ծառայություններ ունեցող կազմակերպություններին խրախուսելու նպատակով:

Ծրագրի շրջանակում պարգեւատրված՝ տարբեր ոլորտներ ներկայացնող 10 կառույցների շարքում եւս մրցութային հանձնաժողովն առավելապես մատչելի է համարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայություններն ու շենք-շինությունները:

Կարեւորելով ֆիզիկական մատչելիության, տեղաշարժման խնդիրը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր 11-ամյա գործունեության ընթացքում դրսեւորել է հատուկ մոտեցում. ընկերությունը Հայաստանի քաղաքներում եւ գյուղական համայնքներում գործող իր սպասարկման կենտրոնները կահավորել է մատչելի հնարավորություններով՝ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց հարմարավետությունն ապահովելու նպատակով:

«Մատչելի վայրեր» մրցանակաբաշխությունն անց է կացվել «Հայկական ճամբար» հասարակական կազմակերպության՝ ԱՄՆ պետքարտուղարության  հասարակության հետ կապերի գրասենյակի ֆինանսավորմամբ, որի ընթացքում ցուցադրվել է նաեւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի մատչելիության բաղադրիչները ներկայացնող տեսանյութ: