Երեւանի կենտրոնում 2016թ. հունիսի 1-ին տաքսու վարորդ Արսեն Խանամիրյանի սպանության գործով դատաքննությանը տուժողի իրավահաջորդը չի մասնակցի: NEWS.am-ի հետ զրույցում սպանված Արսեն Խանամիրյանի եղբայրը, որը որպես տուժողի իրավահաջորդ է ճանաչվել, ասաց, որ դիմել է դատարանին, որպեսզի նիստերին չմասնակցի:
«Ինձ համար հաճելի չէ գտնվել նիստերին, տեսնել դրան, այդ պատճառով էլ դիմել եմ դատավորին եւ խնդրել, որ չմասնակցեմ նիստերին: Ես հետամուտ եմ լինելու, որ եղբորս սպանողն իր արժանի պատիժը ստանա, բայց չեմ ուզում նիստերին ներկա գտնվել»,-ասաց նա:
Նշենք, որ Արսեն Խանամիրյանի պանության գործով դատաքննությունն ընթանում է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ:
Արսեն Խանամիրյանի սպանության մեջ մեղադրվող Վահրամ Վերանյանը ցուցմունք էր տվել, որ Արսենն իրեն դեպքի օրը հետապնդել է: NEWS.am-ի հետ զրույցում Վահրամ Վերանյանի պաշտպան Հովիկ Արսենյանը նշել էր, որ Արսենը բազմաթիվ անգամներ հետապնդել է Վահրամին, այդ օրն էլ Վահրամն իր երեխային մանկապարտեզ է տարել, հետո ընկերոջ հետ գնացել է մեքենան վերանորոգելու, նկատել է, որ էլի հետապնդում է Արսենն իրեն: Նախքան այդ Արսենը Վարամի հետ հաշվեհարդար էր տեսել, այնպես էր ծեծել, որ նրան ուղեղի ցնցումով հիվանդանոց էին տեղափոխել: Բարոյազրկել էր Վահրամին: Վահրամի ընկերուհուն էր զանգել սպառնացել, թե հեսա խռխռոցը կլսես: Դրա համար Վահրամը փորձել է վրեժխնդիր լինել Խանամիրյանի նկատմամբ, պատժել, փայտը ձեռքին է մոտեցել նրան: Արսենը փայտը ձեռքից խլել է, Վահրամը հասկացել է, որ վերջը գալու է, իր մոտն եղած դանակն է գործադրել: Իսկ տուժող կողմի պնդումները, որ սպանվածի կինն ու Վահրամ Վերանյանը, որ նախկինում սիրային կապի մեջ են եղել, մինչեւ վերջերս հանդիպել են, զրուցել հեռախոսով, պաշտպանի խոսքով, իրականությանը չեն համապատասխանում: Նրա պնդմամբ` սպանվածի կինն է պարբերաբար զանգահարել Վահրամ Վերանյանին, հետապնդել նրան:
Նշենք, որ սպանված 48-ամյա Արսեն Խանամիրյանի հարազատները պատահածում մեղադրում են նրա կնոջը: Ըստ մահացածի եղբոր՝ կինը՝ Ա. Դ-ն, արտաամուսնական կապի մեջ է եղել սպանության մեջ մեղադրվող 26-ամյա Վահրամ Վերանյանի հետ:
Արսենի եղբայրը NEWS.am-ին պատմել էր, որ սպանությունից առաջ նրա եւ Վահրամի միջեւ ծեծկռտուք է եղել կնոջ պատճառով, Վահրամը հիվանդանոց է տեղափոխվել, Արսենը՝ Ոստիկանություն: Ընտանիքի անդամներն ասում են՝ Արսենը կնոջ հետ շարունակել է ապրել միայն հանուն իրենց 3 երեխաների: Սպանությունից հետո կինը տեղափոխվել է այլ վայր բնակության՝ երեխաներից 2-ին իր հետ տանելով:
Վահրամ Վերանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սպանությունը:




























