ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կրակային դիրքում 2016թ. մայիսի 29-ին հանկարծամահ եղած 19-ամյա Սուրեն Մոսիյանը, չնայած բազմաթիվ հիվանդություններին, երկու ամիս մնացել է դիրքերում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա մայրը՝ տիկին Անժելան, նշելով, որ, եթե իր երեխային առողջական այդ վիճակում դիրքերում չպահեին՝ հնարավոր կլիներ նրա կյանքը փրկել:
«Ես չեմ հասկանում, թե ոնց կարող էին իմ տղային այդքան երկար պահել դիրքերում. նա այդքան խնդիրներ ուներ, երբ զանգում էի, ասում էր՝ այնտեղ է: Ապրիլին տարել են դիրքեր, մինչեւ մահանալը եղել է այնտեղ: Հետը խոսում էի՝ ասում էր իր հետ դիրքեր բարձրացածները իջել են, ինքը մնացել է: Եթե ներքեւում լիներ՝ հնարավոր է, որ իմ տղային կարողանային ժամանակին օգնություն ցուցաբերել, կյանքը կփրկեին»,-ասաց նա:
Տիկին Անժելան, նշեց, որ ամեն ինչ անելու է, որպեսզի իր տղայի մահվան մեղավորները պատասխանատվության ենթարկվեն:
Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Սուրեն Մոսիյանի մահը վրա է հասել սուր սիրտ-անոթային անբավարարությունից, թոքերի այտուցից, որը պայմանավորված է առաջնային /իդիոպաթիկ/ գերաճական կարդիոմիոպաթիայով, չափավոր արտահայտված կարդիոմիոպաթիկ կարդիոսկլերոզով, էնդոկարդի ֆիբրոզով, սրտի ճարպակալումով, հեպատո-սպլենոմեգալիայով /լյարդի եւ փայծաղի մեծացում/, ներքին օրգանների միկրոցիրկուլյատոր-դիստրոֆիկ խանգարումներով, սրտամկանի ծանր դիստրոֆիայով, որոնք առկա են եղել վերջինիս մոտ կենդանության օրոք եւ հանգեցրել են նրա մահվան: Ըստ փորձագետների՝ զինծառայողը կենդանության օրոք տառապել է նաեւ այլ հիվանդություններով, որոնք մահվան անմիջական պատճառի հետ ուղղակի պատճառական կապի մեջ չեն գտնվում:
Սուրեն Մոսիյանի առողջական խնդիրները զորակոչման ժամանակ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից ժամանակին հայտնաբերելու հանգամանքը պարզելու նպատակով նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական եւ ռազմաբժշկական համալիր փորձաքննություն:
Սուրեն Մոսիյանի մայրը օգոստոսի 2-ին ճանաչվել է որպես տուժողի իրավահաջորդ, իսկ սեպտեմբերի 28-ին որոշում է կայացվել՝ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանին որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ ճանաչելու մասին։
Սուրեն Մոսիյանի մայրը պահանջում է պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, որոնք իր տղային հիվանդ վիճակում զորակոչել են բանակ: Մահացած զինծառայողի մոր խոսքով՝ Սուրենն ունեցել է երիկամների խնդիր, գիշերային անմիզապահություն, ողնաշարի ճողվածք, որի հետեւանքով էլ ծառայության ընթացքում 4 անգամ պառկել է հոսպիտալում։
Հիշեցնենք, որ Սուրեն Մոսիյանը Բաքվից գաղթած փախստականի ընտանիքից էր։ Սուրենն իր մոր, եղբոր ու քրոջ հետ բնակվում է Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ սոցիալապես ծանր պայմաններում։ Նա ընտանիքի կրտսեր երեխան էր։




























