NEWS.am-ի հարցերին պատասխանում է «Սահմանադրական իրավունքի կենտրոն» խորհրդի նախագահ, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը:
Որքանո՞վ է հավանական, որ Եվրախորհրդարանի պատգամավորներին իսկապես կհետապնդեն:
Զուտ արկածախնդրության տեսանկյունից դա դասական դատարկ հնարք է, որի պակասն ադրբեջանական ամբողջ պետական համակարգ կոչվածը չի զգում: Եվս մեկ անգամ միջազգային հանրությունը հնարավորություն ունացավ համոզվելու, որ այս երկրում «իրավունքի գերակայություն», «սահմանադրականություն» եւ նման այլ արժեքները վաղուց փոխարինված են իրավական նիհիլիզմի ծայրահեղ դրսեւորումներով: Այս երկրում իրավունքի միակ եւ գերակա աղբյուրը իրենց նախագահի հիվանդագին ախորժակով թելադրված կամակորություններն են, իսկ «գլխավոր դատախազ», «դատարան», «արդարադատություն», ցավոք, նաեւ «փաստաբան» ու «մարդու իրավունքների պաշտպան» եւ այլ հասկացությունները տեղավորվում են սոսկ «նախագահի խամաճիկներ» ամփոփ եզրույթի մեջ:
Մյուս կողմից՝ Ադրբեջանի գլխավոր դատախազի ակնհայտ անգրագետ գործունեությունն ու հայտարարությունները չեն կարող իրավական հետեւանք ունենալ անգամ այն անհավանական իրավիճակում, երբ երեք հարգարժան պատգամավորները հայտնվեն Բելառուսում. այդ պաշտոնը զբաղեցրած անձը պետք է առնվազն գիտակցեր, որ խոսքը ոչ թե խարդավանքների զոհ դարձած անպաշտպան Լապշինի, այլ անձեռնմխելիության կարգավիճակ ունեցող պաշտոնյաների մասին է:
Իրականում քրեական հետապնդում հարուցելու ակնհայտ հիմքեր կան, նախ, գլխավոր դատախազի պաշտոն զբաղեցնող անձը պետք է մի քանի տասնյակ հոդվածներով (այդ թվում՝ մարդկության ու խաղաղության դեմ ուղղված միջազգային հանցագործությունների առնչությամբ) քրեական գործ հարուցի իր երկրի նախագահ Իլհամ Ալիեւի ու անձամբ իր նկատմամբ:
Ընդհանրապես զարմացած եմ, որ այդ բնույթի հայտարարություններին, թեկուզ անթաքույց հումորով, արձագանքում են նաեւ հիշյալ պատգամավորները՝ շեշտելով, որ իրենք չեն պատրաստվում այցելել Բելառուս եւ Ադրբեջան: Ի դեպ՝ մի առիթով ես արդեն նկատել էի, որ Լապշինի հետ կապված խեղկատակ իրադարձությունների արդյունքում կպակասի ոչ թե Արցախ, այլ հենց այդ երկու պետություններ մարդկանց հոսքը: Այդպիսի զարգացումներ կանխատեսել էր նաեւ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Հավելեմ, որ անգամ Ադրբեջանի տխրահռչակ քրեական օրենսգրքում չեք գտնի մի հոդված, որը պատասխանատվություն կսահմանի Արցախ այցելելու համար: Իրենք շահարկում են այդ օրենսգրքի 318.1. հոդվածը, սակայն չեն գիտակցում, որ այդ հոդվածում խոսքը պետության կողմից պահպանվող պետական սահմանը ապօրինի հատելու մասին է, իսկ թե ինչ աճպարարությամբ են պարզում, որ հանկարծ Արցախի սահմանը պահպանում է Ադրբերջանը, դա արդեն տարրական իրավական մշակույթից դուրս է:
Հնարավո՞ր է, արդյոք, ադրբեջանցի իրավաբանի ներկայացրած տարբերակը:
Որեւէ լրջախոհ մարդ, չեմ ասում իրավագետ, այդպիսի «տարբերակը» չի կարող դիտարկել հեքիաթային ժանրից դուրս: Այդ «մասնագետները» նեղություն չեն քաշում ու թվարկում են ոչ միայն իրենց հայրենական ակտերը, այլեւ միջազգային հանրաճանաչ համաձայնագրերը՝ անտեսելով կոնկրետ խնդրին վերաբերող նույն այդ լրջագույն փաստաթղթերում առկա բազում նորմերը: Իրենց թվում է, թե այդ փաստաթղթերը յոթը կողպեքով փակված են, ու իրենք կարող են իրենց սրտի ուզածի պես մեկնաբանել, ընդ որում՝ դրան ավելանում է տարրական իրավագիտակցության պակասը, ինչի արդյունքում ստացվում է «սարսափ» ֆիլմի սյուժե հիշեցնող տափակություն:
Եթե խնդիրը դիտարկենք հենց այդ միջազգային փաստաթղթերի տեսանկյունից, ապա պետք է նկատենք, որ՝ ա) քաղաքական դրդապատճառներով քրեական գործերը որեւէ միջազգային-իրավական հետեւանք չեն կարող առաջացնել, բ) միջազգային քրեական հետախուզում հայտարարելը որեւէ պետության ներքին օրենսդրական կարգավորման առարկա չէ, պետությունն առնվազն կարող է միջնորդել համապատասխան միջազգային կառույցին, տվյալ դեպքում՝ «Ինտերպոլին», գ) որեւէ պետություն իրավասու չէ իր քաղաքացուն հանձնել այլ պետության կամ միջազգային կազմակերպության պահանջով (Լապշինին ակնհայտ ապօրինի հանձնեցին, պատճառաբանելով, որ վերջինս Բելառուսի քաղաքացի չէր), դ) պատգամավորն օժտված է անձեռնմխելիությամբ, ե) Ադրբեջանը միացած չէ Հռոմի քրեական դատավարության կոնվենցիային՝ դրանից բխող իրավական հետեւանքներով հանդերձ եւ այլն: Այս փաստարկների ցանկը կարելի է շարունակել, սակայն եղածն էլ բավական է խնդրի էությունը համարժեք ըմբռնելու համար:
Ադրբեջանը, չնայած ճոռոմ հայտարարություններին, առայժմ Ինտերպոլի գծով որեւէ պատգամավորի նկատմամբ, ամեն դեպքում, հետախուզում չի հայտարարել: Ձեր կարծիքով, նրանք բլե՞ֆ են անում, թե՞ փորձում են այլ մեխանիզմներ օգտագործել:
Որեւէ այլ լծակ, քան մի քանի՝ մատների վրա հաշված բռնապետությունների միջոցով անմեղ անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելը, Ադրբեջանը չունի եւ չի էլ կարող ունենալ: Եվ պատահական չէ, որ պատգամավորները «հիշեցնում են» Ադրբեջանին, որ չեն պատրաստվում մեկնել Բելառուս, թեպետ՝ այս պարագայում անգամ Բելառուսն անզոր կգտնվեր, քանի որ Լապշինի պարագայում շահարկվում էր այն, որ վերջինս կեղծ փաստաթղթերով մուտք է գործել նաեւ Բաքու:
Ինչ վերաբերում է Ինտերպոլին, ապա Ադրբեջանի նախագահը գոնե քաջատեղյակ է, որ այս կառույցը երբեք չի գնա արկածախնդրության, սա իրենց համար արդեն Բելառուսի գլխավոր դատախազը չէ:
Այս ամենը, իրոք, բլեֆ է՝ նախատեսված միջազգային հանրության այն սակավաթիվ հատվածի համար, որոնք տարրական պատկերացում չունեն տարածաշրջանային բախումների մասին:
Նման փորձերի պարագայում պատգամավորական անձեռնմխելիությունը պաշտպանություն ապահովո՞ւմ է:
Պատգամավորի անձեռնմխելիությունը, եթե նկատեցիք, վերջին փաստարկն է, որին անդրադարձա, քանի որ դրա կարիքն արդեն իսկ չկա: Իհարկե, եթե տեսականորեն պատկերացնենք, որ Ադրբեջանը չգնար շղթայական ապօրինությունների, ապա այդ փաստարկը կունենար գործնական նշանակություն, սակայն դա արդեն անիմաստ ակնկալիք է: Բնական է, եթե Ադրբեջանը իրեն թույլ տար տարրական օրինապաշտության ճոխություն, պատգամավորներին հետապնդելու մոլուցք ևս չէր ունենա:
Մյուս կողմից էլ՝ այս սանձարձակությունը պետք է տրամաբանական համարել նույն Եվրախորհրդարանի առանձին պատգամավորների այն կրավորական կեցվածքի համատեքստում, երբ փորձում են կույր ձեւանալ, չնկատել Ադրբեջանի ղեկավարությունը զավթած մարդու եւ իր խամաճիկների՝ միջնադարյան ոճով իրականացրած բարբարոսությունները:
Այո՛, առայժմ Ադրբեջանը կբավարարվի փուչիկ հայտարարություններով, սակայն փոքր-ինչ հնարավորություն ստանալով՝ նույն այդ կրավորական դիրք որդեգրած պատգամավորների հետ կվարվի ճիշտ այնպես, ինչպես վարվեց Ռամիլ Սաֆարովը քնած երիասարդի հետ, ինչպես գլխատեցին գերի ընկած զինվորին եւ այլն:
Ձեր կարծիքով՝ Ինտերպոլը կարո՞ղ է նման քաղաքական գործընթացների մեջ ներքաշվել:
Երբե՛ք: Այդ միջազգային կառույցը կարողացել է իր բարձրության վրա մնալ: Իհարկե՝ նախկինում եղել են դեպքեր, երբ նշված միջազգային կառույցին կարողացել են թյուրիմացության մեջ գցել եւ կեղծ տվյալներով հասնել նրան, որ միջազգային հետապնդում հայտարարվի հայ քաղաքական գործչի նկատմամբ, սակայն Հայաստանի իրավապահ մարմինների օպերատիվ միջամտության արդյունքում արագ շտկվել է իրավիճակը եւ հետախուզման մասին որոշումը անհապաղ ճանաչվել է անվավեր: Այդ միջադեպից հետո, Ինտերպոլում ավելի զգոն են դարձել:
Իհարկե, այս զարգացումների համատեքստում հաճախ օրինաչափ հարց է ծագում՝ ինչո՞ւ քրեական հետապնդման համարժեք միջոցներով մենք չենք արձագանքում: Իմ դիրքորոշումը հետևյալն է՝ պետք է արձագանքենք, և եթե Ադրբեջանը սոսկ անապատային տեսիլքներն է հիմք համարում, ապա մեր պարագայում փաստերն ավելի, քան խոսուն են: Ընդ որում՝ այդ հարցում «բարեխիղճ» վարքագիծ ունի նաև Ալիեւը, վերջինս հրապարակայնորեն խոստովանում է, որ խաղաղ բնակչության վրա զինված հարձակումները, որոնք մեծ մասամբ ավարտվում են, հիմնականում, արդբերաջանցի զինվորների կորուստներով, իրականացվում են հենց իր խելահեղ հրամաններով:
Օգտվելով առիթից՝ կամենում են նշել, որ հերթական անգամ հիացած եմ ս.թ. փետրվարի 25-ին Ադրբեջանի զինված հարձակման փուլում Արցախի ինքնապաշտպանության զինվորների վեհանձն վարքագծով, նախ, նրանք կրակ բացեցին միայն այն ժամանակ, երբ զինված դիվերսանտները կտրուկ մոտեցել էին հայկական կողմի խրամատներին եւ դարձել էին իրական սպառնալիք: Բացի այդ՝ անմիջապես դադարեցրին կրակը, երբ ակնհայտ դարձավ, որ ողջ մնացած զինվորները փախուստի են դիմում: Ընդ որում՝ կենդանի մնացածները միանգամայն անվտանգ կարող էին փրկել իրենց վիրավոր ընկերներին, սակայն վերեւից իջեցված անմարդկային հրամանի համաձայն, իրենք հարկադրված էին վիրավորների վրայից հանել զենքերն ու զրահաբաճկոնները (դա անհրաժեշտ էր, որ հետո բարբաջեին, թե իբր սպանվածները զինվորներ չէին, բայց չէին պատկերացնում, որ այդ ամենը նկարահանվում է) եւ թողնել իրենց ընկերներին կատարյալ անօգնական:




























