2015թ.-ից Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն իրականացնում է «VivaStart» կրթական ծրագիրը, որը վաճառքի եւ բաժանորդների սպասարկման հատվածում մասնագիտանալու մեկնարկային հնարավորություն է տալիս տարբեր բուհերի ուսանողների՝ նրանց համար բացահայտելով սպասարկման ոլորտի առանձնահատկություններն ու հաղորդակցվելու հմտությունները:

Նախապատրաստական դասընթացներից՝ ՎիվաՍել-ՄՏՍ- ի ծառայությունների եւ սակագնային պլանների, էթիկայի կանոնների, ՄոբիԴրամի ծառայությունների, ինչպես նաեւ ընկերության ընթացակարգերի եւ գործընթացների մասին անհրաժեշտ տեղեկություններ ստանալուց հետո, տարբեր մարզերից ընկերություն ժամանած ուսանողները հնարավորություն են ունենում երկամսյա ժամանակահատվածում բուհական գիտելիքները դրսեւորել գործնականում եւ սպասարկման կենտրոններում ձեռք բերել բաժանորդների հետ արդյունավետ, քաղաքակիրթ եւ պրոֆեսիոնալ շփման հարուստ փորձ:

«VivaStart»-ի արդյունավետությունը շահառուների տեսանկյունից գնահատելու համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ղեկավարությունը 2016 թվականի շրջանավարտ ուսանողների առջեւ խնդիր էր դրել. մասնակցել մրցույթի եւ էլեկտրոնային փոստով ուղարկել 4-5 էջի ծավալով դիտարկումներ՝ ծրագրից քաղած արդյունքի մասին: Ակնկալվում էին նաեւ առաջարկություններ:

Առաջադրանքի նկատմամբ հետաքրքրություն դրսեւորած 40 ուսանողի աշխատանքներից մասնագիտական հանձնաժողովն առանձնացրել եւ հաղթող է ճանաչել երեքը: Դրանց հեղինակները՝ Արմինե Սողոմոնյանը, Հովհաննես Թադեւոսյանն ու Արփինե Փանոսյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կազմակերպված ավարտական արարողության ժամանակ արժանացել են մրցանակի՝ Huawei Honor 6X սմարթֆոնների:

«Որեւէ հարցի շուրջ ամենահստակ տպավորությունը ձեւավորվում է կոնկրետ իրավիճակից ստացած եզրակացության եւ վերլուծության արդյունքում: Որպես բիզնես օղակ, մեզ համար անչափ կարեւոր են ծրագրից օգտվող ուսանողների արձագանքը, գնահատականը եւ առաջարկությունը: Ամենակարեւոր արժեքը, որը ձեզ հաջողվել է բացահայտել, բաժանորդամետ մոտեցումն է:

Վստահ եմ, որ դուք կկարողանաք լինել նաեւ ճկուն եւ գիտելիքները համապատասխանեցնել շուկայի պահանջներին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ- ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: