Պետք չէ վախենալ, որ խոշոր բիզնեսը կչարաշահի ԱԱՀ-ի դուրսգրման հարցով ռեժիմի ազատականուցումը։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է Հայաստանի պետեկամուտների կոմիտեի ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանը։

Հիշեցնենք, որ նախկինում ԱԱՀ-ի իր դեբետը դուրս գրելու համար գնորդը պետք է նախապես վճարեր մատակարարին։2015-ից սկսած՝ նախնական վճարի մասին պահանջը վերացվել է  մինչեւ 100 մլն դրամ շրջանառություն, իսկ 2016-ից ՝ մինչեւ 500 մլն դրամ շրջանառություն ունեցող ընկերությունների համար։ Իսկ 2017-ից հետո Հայաստանում բիզնեսի բոլոր սուբյեկտները կարող են ապրանքը ստանալ ինվոյսով, բայց դեռ չվճարած՝ արդեն դուրս գրել ԱԱՀ-ն ։

Մյուս կողմից էլ նման ռեժիմը արդարություն ու հավասար պայմաններ է սահմանում ԱԱՀ դեբետի ու վարկի համար, քանի որ մինչ այդ ԱԱՀ վարկի մասով պետք էր միանգամից վճարել, իսկ ահա դեբետը դուրս գրել հնարավոր էր միայն վճարելուց հետո։

Իսկ հիմա, օրինակ, սուպերմարկետների խոշոր ցանցերը կարող են ամիսներով ուշացնել մատակարարների վճարը քանի որ առանց այդ էլ կարող են դուրս գրել իրենց ԱԱՀ-ն։ Բայց այդ մտավախությունները անհիմն են, վստահեցրեց Միրումյանը։

«Բիզնեսում արդեն ձեւավորվել են ավանդույթներ՝ ինչի համար ու երբ վճարել։ Դրանցով էլ առաջնորդվում են։ Մտավախությունները չեն իրականանում, իսկ դրական արդյունքը ակնհայտ է՝ բիզնեսը կարող է ավելի շուտ դուրս գրել ԱԱՀ-ն ու ազատել միջոցները»,- նկատեց նա։