Հյուսիսային Կորեայի քաղաքացի Լի Չժոն Չոլը, ով կասկածվում է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության մեջ, լքել է Կուալա–Լամպուրի արվարձանում գտնվող ոստիկանության շենքը։ Սկսվել է նրա արտաքսման ընթացակարգը, հաղորդում է «Կիոդո» գործակալությունը։
Լի Չժոն Չոլը ձերբակալվել է Ինդոնեզիայի եւ Վիետնամի քաղաքացի կանանց հետ միասին՝ Կիմ Չեն Նամի սպանության գործով։ Կանանց մեղադրանք է ներկայացվել՝ կանխամտածված սպանության հետ կապված։ Ոստիկանությունը հայտարարել է, որ Լի Չժոն Չոլի նկատմամ ծանրակշիռ ապացույցներ չի հաջողվել ձեռք բերել, ուստի նրա հետագա ձերբակալության համար հիմքեր չկան։ Ավելի վաղ նշվում էր, որ նա կարտաքսվի՝ կապված երկիր մուտքի փաստաթղթերի կեղծ լինելու հետ։
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբայրը՝ Կիմ Չեն Նամը սպանվել է փետրվարի 13-ին, Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լամպուրի օդանավակայանում։




























