«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված տարբեր կարծիքների խճապատկերում կա մի հոսանք, որն առաջարկում է ընտրություններն ակտիվորեն բոյկոտել եւ բոլոր խնդիրները լուծել փողոցում: Եթե թույլ տրվի կատարել ֆուտբոլային զուգահեռ, ապա դա արհեստական «խաղից դուրս» վիճակի նման մի բան է՝ պահանջում է թիմից խիստ համաձայնեցված, սինխրոն գործողություններ:

Եթե պաշտպաններից մեկը որոշակի պահի, բոլորի հետ միասին առաջ չի վազում, ապա խաղից դուրս վիճակ չի ստացվում, իսկ դարպասապահդ մնում է հարձակվողի հետ մեն-մենակ: Այն դեպքում, երբ հասարակության զգալի մասը կողմ է բոյկոտի, եւ այդ շարժումն ունի վառ արտահայտված լիդերներ, կազմակերպիչներ՝ իրենց նախօրոք մշակած ծրագրով, այդ դեպքում, այո, բոյկոտը կարող է աշխատել: Բայց այսօր ընդդիմության մեծ մասը մասնակցում է ընտրություններին եւ համապատասխան քարոզչություն է իրականացնում: Այս պարագայում բոյկոտելը կնշանակի իշխանությանը ձայներ նվիրել:

Ինչ մնում է «փողոցին»: Դրա տակ տարբեր մարդիկ տարբեր բաներ են հասկանում: Սովորաբար՝ սկսած մոտավորապես 1992 թվականից, ընդդիմությունը դրա տակ հասկանում է հետեւյալ քայլերը. հավաքել Ազատության հրապարակում որոշակի քանակությամբ մարդկանց, հասցնել նրանց «ճիշտ կոնդիցիայի», այնուհետեւ տանել նրանց դեպի Բաղրամյան-26՝ նախագահի հրաժարականը եւ անհապաղ իշխանափոխություն պահանջելու: 24 տարվա ընթացքում այդ իմաստով «փողոցն» իր նպատակին չի հասել:

Եվ ես կարծում եմ՝ դա շատ լավ է: Որովհետեւ՝ եթե մի անգամ նախագահի կամ, մոտ ապագայում, վարչապետի նստավայրի գրոհը հաջողությամբ ավարտվի, ապա երկու ամիս անց մեկ ուրիշ խումբ, համոզվելով, որ հնարավոր է այդ ձեւով իշխանափոխություն անել, դարձյալ այդ փորձը կանի: Եվ այսպես շարունակ: Եթե նույնիսկ մի կողմ թողնենք արտաքին մարտահրավերները, զուտ ներքին կյանքի տեսանկյունից դա որեւէ հարց չի լուծի՝ ոչ տնտեսության, ոչ էլ քաղաքականության մեջ:

Բայց դա ամենեւին չի նշանակում, որ փողոցային ակցիաները՝ խաղաղ հանրահավաքները, պիկետները, երթերը քաղաքական պայքարում կարեւոր դեր չեն խաղում: Պարզապես նման հարթակները չեն կարող լինել ուղղակի տեղեկատվություն հաղորդելու միջոց (հիմա այլընտրանքային միջոցները բազմաթիվ են), ոչ էլ քաղաքական գործիչների «իմպրովիզացիաների» վայր՝ «ժողովո՜ւրդ, ո՞վ է կողմ գնալ Բաղրամյան-26», «չէ՜, գնանք դատախազություն», «չէ՜, ճիշտը փողոց փակելն է»: Փողոցային պայքարի կազմակերպիչները պետք է ունենան նախօրոք մշակած հստակ ծրագիր, որը պետք է լինի, ինչպես հիմա ընդունված է ասել, «հիբրիդային», նաեւ՝ խորհրդարանական, նաեւ քարոզչական պայքարի մի մասը:

Եվ ամենակարեւորը՝ պետք է պարզ լինի, թե ինչ են քաղաքական ուժերն ուզում անել՝ փողոցում, թե ընտրությունների միջոցով: Առայժմ, բացի սնամեջ բառերից, այլ բան չենք լսում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում