Գերմանիայի Գագենաու քաղաքում Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի ելույթը մերժելուց հետո քաղաքի իշխանությունները հաղորդագրություն են ստացել քաղաքապետարանում տեղադրված ռումբի մասին։ Մարտի 3-ին քաղաքի վարչակազմ զանգահարած անհայտ անձն իր սպառնալիքը հիմնավորել է թուրք նախարարի ելույթը չեղարկելու որոշմամբ, հաղորդում է AFP-ը։
Քաղաքապետարանում գտնվող բոլոր մարդիկ տարհանվել են, ոստիկանությունը մանրակրկիտ զննում է շինությունը։ Գագենաուի քաղաքապետ Միխեիլ Պֆայֆերը հայտարարել է, որ աշխատակիցներն անվտանգության մեջ են գտնվում։ Նրա խոսքով՝ ոստիկանների կողմից քաղաքապետարանի շենքի զննումը կարող է մի քանի ժամ տեւել։
«Մենք չգիտենք, թե որքան լուրջ պետք է ընդունել պայթյունի սպառնալիքը»,- հայտարարել է Պֆայֆերը։ Նա վստահություն է հայտնել, որ անհայտ անձի զանգը կապված է Բոզդաղի ելույթի արգելքի հետ։
Հիշեցնենք, որ Գագենաուի իշխանությունները մարտի 2-ի երեկոյան չեղարկել են միջոցառումը, որտեղ նախատեսվում էր Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի ելույթը։



























