Ազատության հրապարակում «Հաց բերողի» ազատության համար իրականացվող նստացույցի մասնակիցներից մեկին սպառնացել են, որ եթե չվերադառնա Գյումրի, ապա բաժին բերման ենթարկված հորեղբորը ու նրա տղային բաց չեն թողնի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Վիկտորյա Առաքելյանը, որը հիմա Գյումրիում է:

Նրա խոսքով՝ ոստիկանները նախ զանգել են իր ծնողներին՝ պահանջելով, որ նրանք թույլ չտան նրան մասնակցել նստացույցին:

«Զանգել են ծնողներիս, որոնք գտնվում են Լեհաստանում ու պահանջել, որ ես դադարեցնեմ նստացույցը: Ծնողներս ասել են, որ դա իմ որոշումն է, եւ որ ես արդեն չափահաս մարդ եմ: Դրանից հետո նրանք բաժին են բերել իմ հորեղբորը, ապա նրա տղային ու պահանջել, որ ես վերադառնամ Գյումրի: Ասեցին, որ մինչեւ չգնամ, նրանց բաց չեն թողնելու»,-ասաց նա:

Վիկտորիայի խոսքով՝ ոստիկանական բաժնում զգուշացում են տվել նրան, թե ինչ կլինի նրա հետ, եթե նա նորից սկսի մասնակցել նստացույցին. «Ասացին, որ եթե նորից գնամ Ազատության հրապարակ, ապա դիմակավոր մարդիկ ձեռքերիցս կբռնեն ու մազերիցս քարշ տալով կնստացնեն մեքենա, կտանեն բաժին, մինչեւ խելքս գլուխս գա»:

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ից, Ազատության հրապարակում, մի խումբ երիտասարդներ` Շահեն Հարությունյանի գլխավորությամբ նստացույց են հայտարարել, «Հաց բերող» Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով: Նրանք նաեւ ամեն օր հավաք-երթեր են կազմակերպում: Հաջորդ երթը տեղի կունենա այսօր՝ մարտի 4-ին, ժամը 18:00-ին Ազատության հրապարակում: