Եվրախորհրդարանը ձայների մեծամասնությամբ Եվրահանձնաժողովին երաշխավորել է վիզային ռեժիմ սահմանել ԱՄՆ-ի քաղաքացիների համար: Ըստ Euronews-ի՝ համապատասխան նախագիծն առաջարկել է քաղաքացիական ազատությունների հանձնաժողովը:

Եվրոպացի խորհրդարանականների կարծիքով՝ ներկա իրավիճակը, երբ ԱՄՆ-ի քաղաքացիները կարող են առանց վիզայի այցելել ԵՄ-ի բոլոր 28 երկրներ, մինչդեռ Բուլղարիայի, Կիպրոսի, Լեհաստանի, Ռումինիայի եւ Խորվաթիայի քաղաքացիներն ԱՄՆ մեկնելու համար վիզայի կարիք ունեն, չի համապատասխանում փոխադարձության սկզբունքին:

Եվրախորհրդարանականները Եվրահանձնաժողովին երաշխավորել են կես տարով դադարեցնել ԱՄՆ-ի հետ առանց վիզայի ռեժիմը, եթե մեկ տարվա ընթացքում Վաշինգտոնը չհամաձայնի լիարժեք փոխադարձության սկզբունքին: