Ճապոնիայի իշխող լիբերալ դեմոկրատական կուսակցությունը պաշտոնապես որոշել է փոփոխություններ անել իր կանոնադրության մեջ, 6-ի փոխարեն 9 տարի դարձնելով  կուսակցության նախագահի լիազորությունների ժամկետը, որը միաժամանակ զբաղեցնում է նաեւ վարչապետի պաշտոնը։ Որոշումը կայացվել է Տոկիոյում կուսակցության համագումարի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Այս որոշումը թույլ կտա գործող վարչապետ Սինձո Աբեին մնալ պաշտոնում նաեւ 2018-ից հետո։ Աբեն կկարողանա նորից առաջադրել իր թեկնածությունը ներքին ընտրություններում ու պահպանել վարչապետի պաշտոնը մինչեւ 2021 թ։

Լիբերալ դեմոկրատների ղեկավար Սինձո Աբեն իր պաշտոնը զբաղեցրել է 2012-ին, ու ըստ գործող կանոնադրության՝ պետք է հեռանար 2018-ի սեպտեմբերին։

Սակայն կուսակցությունում նրա կողմնակիցները բազմիցս պահանջել են ավելի երկար ժամանակ տալ վարչապետին՝ տնտեսական բարեփոխումներն իրականացնելու, նաեւ 2020-ին Տոկիոյում ամառային Օլիմպիադայի անցկացումը կազմակերպելու համար։