Բելառուսական մթերքի որակի վերաբերյալ բողոքներ ստացվում են միայն Ռուսաստանից։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»–ին հայտարարել է Բելառուսի գյուղատնտեսության ու պարենի նախարար Լեոնիդ Զայացը։

 «Մեզ մոտ այսօր բավականին բարձր մակարդակով վերահսկողություն է սահմանված՝ վերահսկողություն հումքի վրա, վերահսկողություն պատրաստի մթերքի թողարկման, բեռնման վրա։ Մեզ մոտ՝ Բելառուսի ներսում, ոչ մի կասկած չի առաջացնում, որ որեւէ տեղ նվազեցված է կամ ոչ լավ մակարդակի է անասնաբուժական վերահսկողությունը։ Մենք հավատարմագրված լաբորատորիաներ ունենք, այդ թվում՝ մարզերում, ունենք լավ մասնագետներ։ Ոչ մի կասկած չի առաջացնում, որ մթերքը որակյալ է», — ասել է Զայացը։

Նա նաեւ ընդգծել է, որ Բելառուսը մթերքներ է արտահանում շատ երկրներ։ «Սակայն այլ երկրներից ոչ մի գանգատ չի ստացվում՝ չնայած մեր միսը, մեր կաթը, պատրաստի մթերքը տասնյակ երկրներ են մատակարարվում, այդ թվում՝ Եվրամիության», — ընդգծել է նախարարը։