Երեւանի «Արմենիա» ԲԿ-ում գտնվող «Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցնելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանի «Հաց բերող» վիճակը միջին ծանրության է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ «Արմենիա» ԲԿ-ի փոխտնօրեն Արսեն Գրիգորյանից:
«Պարզ գիտակցությամբ է ընդունվել մեզ մոտ, դեռ հետազոտությունների մեջ է, վաղը նոր մասնագիտական կարծիք կունենանք: Այս պահին նա Վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը՝ միջին ծանրության»,-ասաց նա:
Նշենք, որ Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքն այսօր փոփոխվել է, նրան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ է հայտարարել եւ պահանջում է փոխել իր խափանման միջոց կալանքը:



























