Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները երեքշաբթի Բիշքեկում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով 10 փաստաթուղթ են ստորագրել՝ ուղղված իտեգրացիոն միավորման շրջանակներում համագործակցության խորացմանը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նիստը ընթացել է Բիշքեկի քաղաքամերձ «Ալա Արչա» պետական նստավայրում: Նիստին մասնակցել են Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղրղզստանի վարչապետներ Դմիտրի Մեդվեդեւը, Բակիջան Սագինտաեւը, Անդրեյ Կոբյակովը, Կարեն Կարապետյանը, Սոորոնբայ Ժեենբեկովը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Հինգ երկրների վարչապետները պայմանավորվել են «Հակակեղծում» միջազգային համաժողովի անցկացման, տնտեսության այն ոլորտների որոշման շուրջ, որոնք ԵՏՄ-ում ինտեգրացիոն պոտենցիալ ունեն, եւ այն օգտագործելուն ուղղված միջոցառումների շուրջ:
Ստորագրվել են նաեւ ԵՏՄ անդամ երկրների միջեւ 2015-2016 թվականներին փոխադարձ առեւտրի վիճակի, մինչեւ 2025 թվականը ԵՏՄ-ի թվային օրակարգի իրականացման հիմնական ուղղությունների նախապատրաստման աշխատանքների ընթացքի, ագրոարդյունաբերական համալիրի զարգացման համատեղ կանխատեսումների, ըստ գյուղատնտեսական արտադրանքի հիմնական տեսակների ԵՏՄ անդամների պահանջարկի եւ առաջարկի վերաբերյալ փաստաթղթեր:
Դրանից զատ, միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ քննարկվել եւ հավանության են արժանացել Միության երկրներում երրորդ երկրներում թողարկվող, գյուղատնտեսական մեքենաներ եւ սարքեր հավաքող արտադրության նմանօրինակների կազմակերպման, ԵՏՄ երկրներում արտադրվող գյուղատնտեսական մեքենաների եւ սարքերի երրորդ երկրների շուկաներ արտահանման զարգացման միջոցառումների վերաբերյալ փաստաթղթերը:


























