2017-ը հայտարարել ենք ախտորոշման, պետական կառավարման համակարգի բարեփոխումների, սանիտարիզացիայի, դիզինֆեկցիայի, ստաբիլացման տարի։ Այս մասին, այսօր՝ մարտի 8-ին, Էջմիածնի Մշակույթի տանը ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Եթե մենք այդ գործառույթները կատարենք, իսկ մենք անպատճառ այդ գործառույթները կկատարենք, 2018թ-ից ունենալու ենք շատ հստակ, անընդմեջ, ռեգուլյար, կայուն և առողջ աճ։ Դա չի նշանակում, որ 2017-ին խնդիր չենք դնում աճ ապահովելու, բայց մենք պետք է լինենք իրատեսական և այդ իրատեսական մոտեցումները դրել ենք 2017թ-ի բյուջեի մեջ»,-ընդգծեց Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ իրենք ներքին համոզվածություն ունեն, որ իրենց խղճի առջեւ դիսկոմֆորտ չեն զգալու:
«Կարծրացած կարծիք կա, որ Հայաստանում փող ներդնելու տեղ չկա, եթե դնես, փող չես աշխատի եւ այլն: Դա այդպես չէ եւ մենք այսօր ունենք հաստատված 3,2 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր: Դրանից 850 մլն դոլարը նախատեսում ենք իրականացնել 2017 թվականին: Բացի այդ, կառավարությունում քննարկվում են 5,3 մլրդ դոլարի ծրագրեր, որոնք տրամաբանական են, որպես բիզնես կարող են աշխատել, հավելյալ արժեք ու աշխատատեղեր ստեղծե, որոնց ներդրումային աղբյուրի շուրջ բանակցում ենք, որոնումների մեջ ենք»,-ասաց վարչապետը:
Կարեն Կարապետյանի խոսքով, միայն Արմավիրի մարզում նախատեսում են 85 մլն դոլարի ներդրումներ իրականացնել, որոնք 3500 աշխատատեղ ստեղծում են ենթադրում. բացի դրանից, Արմավիրի մարզպետը բանակցում է մի ծրագրի շուրջ՝ 65 մլն դոլարի՝ կապված աղբահանության հետ:



























