Հայ-հունական հարաբերություններն այսօր բարձր մակարդակի վրա են. մենք ունենք հագեցած երկկողմ օրակարգ՝ քաղաքական երկխոսությունից մինչեւ փոխշահավետ համագործակցություն տարբեր բնագավառներում: ՀՀ Ազգային Ժողովում Հունաստանի ԱԳ նախարար Նիկոլայոս Կոձիասի հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը:

Սահակյանը կարեւորել է Հայաստանի եւ Հունաստանի համագործակցությունը տարբեր միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների ձեւաչափում եւ երկու բարեկամ երկրների խորհրդարանների սկզբունքային դիրքորոշումները միմյանց համար զգայուն հարցերում:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանն առանձնահատուկ կարեւորում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում Հունաստանի հավասարակշռված դիրքորոշումը եւ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո խնդրի խաղաղ կարգավորմանը: ԱԺ նախագահի խոսքով՝ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Արցախը սկզբունքորեն դեմ են ուժի կիրառմանը. նրանք կարեւորում են խնդրի խաղաղ բանակցային ճանապարհով կարգավորումը:

Նիկոլայոս Կոձիասն էլ անդրադարձել է Հայաստան-ԵՄ համագործակցությանը՝ ընդգծելով վիզաների ազատականացման կարեւորությունը: Նա խոսել է նաեւ մշակութային դիվանագիտության դերի մասին՝ նշելով, որ բազմաթիվ ծրագրերի իրականացման հարցում խորհրդարանների աջակցության կարիքը կա:

Նիկոլայոս Կոձիասը հույս է հայտնել, որ նոր խորհրդարանը նույնպես կհամագործակցի Հունաստանի խորհրդարանի հետ, այնտեղ եւս կձեւավորվի Հունաստանի հետ բարեկամության խումբ: