Գեղարքունիքի մարզում թիվ մեկ խնդիրը ոչ գործազրկությունն է, ոչ արտագաղթը, այլ էկոլոգիան: Սեւանա լիճն ապօրինի է շահագործվում, որը աղետալի հետեւանքներ է ունենում ամբողջ շրջանի էկոլոգիայի վրա: Այս մասին մարտի 9-ին Մարտունիում հայտարարեց Մարտունիի կանանց համայնքային խորհրդի անդամ եւ «Ձեռքերդ հեռու Սեւանից» խմբի ղեկավար  Անահիտ Գեւորգյանը: Խմբի ակտիվիստները մասնակցում էին Դաշնակցության նախընտրական հանրահավաքին, որպեսզի բարձրաձայնեն Սեւանա լճի եւ շրջանի ճակատագրի վերաբերյալ իրենց մտահոգությունը:

Անահիտ Գեւորգյանը հայտարարեց, որ գործող օրենսդրության համաձայն՝ Սեւանը սնուցող գետերի վրա չի կարելի ՀԷԿ-եր կառուցել: Չնայած դրան, այսօր լիճ թափվող բոլոր 4 գետերի վրա մի քանի ՀԷԿ-եր կան: Ձկները եւ մանր կենդանիները ընկնում են ՀԷԿ-երի տուրբինների մեջ եւ մեծ քանակով սատկում, իսկ Մարտունի գետում անգամ գորտեր չեն մնացել: Սակայն, չնայած ՀԷԿ-երի նման քանակին, շրջանի ոչ մի բնակիչ չի կարող ասել, որ իր համար էլեկտրաէներգիայի գինը թեկուզ մեկ լումայով էժանացել է:

Նրա խոսքով՝ Սեւանի ափերին մեծ թվով ապօրինի օբյեկտներ են կառուցել, որոնցից շատերը պատկանում են օլիգարխներին, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի Սեւանի ջրի մակարդակը չբարձրանա, եւ իրենց օբյեկտները չջրածածկվեն. նրանք կամ փակում են Արփա-Սեւան ջրանցքը, կամ ամեն տարի շատ խորանարդ մետր ջուր են բաց թողնում: Շատ ափեր վերածել են ձկնաբուծական տնտեսությունների, որոնց տերերը ջուրն աղտոտում են ազոտով, ֆոսֆորով եւ տարբեր դեղամիջոցներով: «Սեւանը աշխարհի փոքրաթիվ քաղցրահամ լճերից մեկն է, եւ չի կարելի է այն աղտոտել ու թունավորել հանուն մի քանի մարդու անձնական շահույթի»,- ասաց նա:

Անահիտ Գեւորգյանը էկոլոգիական լուրջ խնդիր է համարում նաեւ Սոթքի եւ Ամուլսարի հանքերի շահագործումը, որոնք վտանգ են ներկայացնում ամբողջ շրջանի եւ յուրաքանչյուր մարդու համար:

«Ձեռքերդ հեռու Սեւանից» կազմակերպության ակտիվիստները մտադիր են մասնակցել բոլոր կուսակցությունների եւ դաշինքների քարոզչական հանարահավաքներին՝ բարձրաձայնելու համար իրենց դիրքորոշումը: Նրանք մտադիր են նաեւ մի շարք ակցիաներ եւ ֆլեշմոբեր կազմակերպել՝ պահանջելով ցույց տալ բոլոր ապօրինի ՀԷԿ-երը եւ դադարեցնել հանքերի շահագործումը: