ՀՀ բնապահպանության նախարարությունում քննարկվել է «Կովկասում/Հայաստանում պահպանվող տարածքների աջակցություն»  ծրագիրը:

Այս առնչությամբ, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է  ունեցել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային հանրապետության փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերի, Գերմանական զարգացման բանկի/ KfW/՝ «Կովկասում/Հայաստանում պահպանվող տարածքների աջակցություն»  ծրագրի ղեկավար Անդրեաս Վեյցելի, KfW բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանի հետ:

Բնապնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկման հիմքում   «Հայաստանում պահպանվող տարածքների աջակցություն» ծրագիրն էր: Ծրագրի նպատակը բնական պաշարների եւ պահպանվող տարածքների արդյունավետ կառավարմանը, հարակից գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը նպաստելն է եւ Հարավային Կովկասում կենսաբազմազանությունը պահպանելը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ծրագրի իրականացման ընթացքին: Նախարարի կողմից հատկանշվել է բնության հատուկ պահպանվող տարածքների հարակից համայնքների բնակչության սոցիալական վիճակի մեղմման ուղղությամբ կայուն եկամտաստեղծ աշխատանքի հնարավորության ստեղծումը: Նախարարը հյուրերին ներկայացրել է  ՀՀ բնապահպանության նախարարին կից ստեղծվող դոնորների խորհրդի կարեւորությունը, ինչը կօգնի տրամադրվող օժանդակության շուրջ համատեղ որոշումների կայացմանը, դրանք դարձնելով առավել հասցեական ու նպատակային:

Փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերը շնորհակալություն է  հայտնել նախարարին հանդիպման համար, նշել, որ բնապահպանությունն այն ճանապարհն է, որը միասին անցնում են՝ վերափոխելով ամեն ինչ դեպի լավը: Փոխդեսպանը կարեւորել է դոնորների խորհրդի կազմավորումը, ինչն իսկապես արդյունավետ կլինի ֆինանսական միջոցների համակարգման համար: Անդրեաս Վեյցելն, իր հերթին, գոհունակությամբ նշել է, որ կա  բոլոր ծրագրերում օժանդակության բարելավման հնարավորություն եւ սպասում են նախարարությունից կոնկրետ առաջարկների` ընդլայնելու փոխգործակցությունը:

Հանդիպման ավարտին կողմերը եւս մեկ անգամ վերահաստատել են համատեղ արդյունավետ աշխատանքին միտված հանձնառությունը եւ համագործակցության խորացման պատրաստակամությունը: