ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի միջեւ այսօր ստորագրվել է կրթության ոլորտում համագործակցության մասին հուշագիր:
Հայաստանի ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հուշագիրը ստորագրել են ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը եւ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Թոմաս Շրապելին: Շնորհավորելով հուշագրի ստորագրման առթիվ` նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը նշել է. «Հուշագրի ստորագրմամբ շարունակում ենք մի գործընթաց, որն ուղղված է «Հասարակագիտություն» առարկայի զարգացմանը, մասնավորապես քաղաքացիական կրթության հետ կապված: «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը մեծ պատմություն ունի. ընդհանրապես Գերմանիան քաղաքացիական դաստիարկության շատ մեծ դպրոց ունի, եւ այդ առումով փորձի փոխանակումը եւ պատրաստակամությունը` աջակցել այս գործընթացին, մեզ համար ոգեւորիչ է: Այս հուշագրով մենք նախատեսում ենք աշխատել առարկայական ծրագրի զարգացման, ինչպես նաեւ դասագրքերի եւ կրթական ռեսուրսների մշակման եւ զարգացման ուղղությամբ: Նպատակ կա, որ «Հասարակագիտություն» առարկայի եւ, մասնավորապես, քաղաքացիական կրթության բաղադրիչի զարգացման միջոցով կարողանանք մեր երկրում մեկ քայլով առավել մոտենալ դեպի ժողովրդավար եւ ակտիվ քաղաքացու ձեւավորմանը»,-նշել է նախարարի տեղակալը:
«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Թոմաս Շրապելին իր հերթին նշել է, որ հուշագրի ստորագրումը էական նշանակություն ունեցող իրադարձություն է: «Մենք կարեւորում ենք քաղաքացիական կրթությունը, եւ այդ առումով Հայաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որի կառավարության հետ, ի դեմս` ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, կնքվել է նման հուշագիր, որի շրջանակում կիրականացնենք շատ կարեւոր գործընթաց: Ծրագրի շրջանակում գործընկեր կազմակերպություն է հանդիսանում նաեւ Երեւանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը, որը ծրագրի բովանդակային մասով պատասխանատու է լինելու ԿԳՆ-ի հետ միասին»,-ընդգծել է նա:
Նշենք, որ համաձայն հուշագրի` «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը կտրամադրի ֆինանսական աջակցություն: Բացի այդ, ԿԳ նախարարությունը եւ հիմնադրամը կդիմեն Երեւանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնին՝ ապահովելու համապատասխան որակավորում ունեցող մասնագետների ներգրավվածություն, դասավանդման գործընթացի կազմակերպում, դասախոսությունների եւ հրատարակվող նյութերի մասնագիտական որակ, իրականացնելու ԿԳ նախարարության կողմից ընտրված երեք ավագ դպրոցներում դասավանդվող «Հասարակագիտություն» առարկայի կատարելագործման գործընթացը, նպաստելու սովորողների ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության մասին տեղեկատվության մակարդակի բարձրացմանը, աջակցելու ԿԳ նախարարության կողմից ընտրված երեք ավագ դպրոցում «Հասարակագիտություն» առարկան դասավանդող ուսուցիչների վերապատրաստմանը եւ այլն: ԿԳ նախարարությունը նախատեսված աջակցության իրականացման համար «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամին եւ Երեւանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնին կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն, կապահովի համագործակցությունը ընտրված երեք ավագ դպրոցների հետ:




























