Moody’s Investors Service միջազգային գործակալությունը 2017թ.-ի մարտի 10-ին վերանայել եւ բարձրացրել է «Յունիբանկի» վարկանիշը` սահմանելով B2 դրամով եւ արտարժույթով  երկարաժամկետ ավանդների համար:

«Յունիբանկ»-ից NEWS.am-ին հայտնում են, որ բազային վարկային գնահատականը /baseline credit assessment (BCA)/սահմանվել է b3, իսկ կոնտրագենտի ռիսկի գնահատականը /long-term Counterparty Risk Assessment (CR Assessment)/` B2(cr)/NP(cr) մակարդակի վրա: Կանխատեսումը` կայուն:

Moody’s գործակալության կողմից վարկանիշի բարձրացումը հիմնականում պայմանավորված է վերջին շրջանում «Յունիբանկի» կապիտալի զգալի համալրմամբ եւ ակտիվների որակի բարելավմամբ: Moody’s-ի գնահատմամբ 2016թ.-ին բանկի ընդհանուր նորմատիվային կապիտալը 2015թ-ի վերջի համեմատ աճել է մոտ 68%-ով:

2016թ.-ի արդյունքներով «Յունիբանկի» ակտիվները կազմել են մոտ 186,4 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 150,7 մլրդ ՀՀ դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը գերազանցել է 35,7 մլրդ դրամը: Հաշվի առնելով «Յունիբանկի» արձանագրած բարձր ցուցանիշները, կայուն ֆինանսական վիճակը եւ զարգացման ռազմավարությունը, բանկը որոշում ընդունեց  իր սովորական  բաժնետոմսերի սեփականատերերին, որոնք 28.11.2016թ. դրությամբ ընդգրկված են եղել բանկի բաժնետերերի ռեեստրում, բաժնետոմսերի տեսքով վճարել միջանկյալ շահութաբաժիններ:

Այդ նպատակով իրականացվել է մոտ 3,2 մլրդ ՀՀ դրամ /բաժնետոմսի շուկայական արժեքով/ ծավալով սովորական անվանական բաժնետոմսերի լրացուցիչ թողարկում: Շահութաբաժինները վճարվում են 2016թ.-ի  հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի համար`  սովորական անվանական բաժնետոմսերի տեսքով` 4 348 հատ /տեղաբաշխման ժամանակ ձեռքբերման նվազագույն փաթեթի քանակ/ բաժնետոմսի դիմաց 420 բաժնետոմս հաշվարկով, որը համարժեք է 12.9% տարեկան եկամտաբերությանը:  Շահութաբաժինները կվճարվեն բանկի կուտակված շահույթից, որը 2016թ.-ի նոյեմբերի 30-ի դրությամբ գերազանցել է 7,2 մլրդ ՀՀ դրամը: