«Նովրուզի» տոներին ընդառաջ Երեւանի մուտքեր հանդիսացող ճանապարհներին տեղադրվելու են թեմատիկ վահանակներ: Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում հանդիպում-քննարկման ժամանակ, որին մասնակցել են ՀՀ-ում Իրանի դեսպանության ներկայացուցիչներ:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են մարտի վերջին տասնօրյակում Երեւան ժամանող իրանցի զբոսաշրջիկներին պատշաճ տեղեկատվության տրամադրման, անվտանգության ապահովման եւ քաղաքում միջոցառումների կազմակերպման հետ կապված հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, տուրիզմի բաժնի պետ Գեւորգ Օրբելյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության հյուպատոս Մոխթար Շահուսեյնին, դեսպանության առաջին քարտուղար Հոսեյն Շիրխանին:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գեւորգ Օրբելյանը, ներկայացնելով մարտի 21-31-ը Երեւանի քաղաքապետարանի կողմից նախատեսվող միջոցառումները, նշել է, որ նախատեսվում է մասնավորապես «Երեւան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային երթուղու գործարկում, իսկ Երեւանի պատմության թանգարանում էլ կազմակերպվելու է իրանական ժառանգությանը վերաբերող ցուցահանդես:
Նաեւ նշվել է, որ, կարեւորելով զբոսաշրջիկների պատշաճ դիմավորումն ու հյուրընկալումը, մայրաքաղաքի մուտքեր հանդիսացող ճանապարհներին տեղադրվելու են թեմատիկ վահանակներ:
Հանդիպման շրջանակում քննարկվել են նաեւ իրանցի զբոսաշրջիկների անվտանգության ապահովման նպատակով տվյալ օրերին մայրաքաղաքի տարածքում գործող զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում հսկողության ուժեղացման հետ կապված հարցեր:




























