ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել է մշտական բնակության նպատակով Հայաստանի տարածքով ԱՄՆ մեկնումը կազմակերպելու պատրվակով կուբացիներից առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակությունը։
ՀՀ քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում գտնվող Կուբայի քաղաքացի Գոմեսը 2016 թվականին գրավոր հաղորդում է ներկայացրել ՀՀ իրավապահ մարմիններին առ այն, որ իր ընտանիքի անդամների՝ ընդհանուր առմամբ 6 հոգու՝ ԱՄՆ-ում մշտական բնակության հարցը կազմակերպելու նպատակով իրենից վերցրել են առանձնապես խոշոր չափերի գումար, սակայն մեկնումը չեն կազմակերպել եւ ոչ էլ գումարն են վերադարձրել։
Կուբայի քաղաքացու հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով նախաքննությունը 2017 թվականի փետրվարից իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։ Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Կուբայում բնակվելու ընթացքում ոմն Բարբարա խոստացել է Գոմեսսին Հայաստանում կազմակերպել վերջինիս ընտանիքի անդամների եւ հարազատների, ընդհանուր առմամբ 6 հոգու, մեկնումը ԱՄՆ՝ մշտական բնակության համար։
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նշված 6 անձինք Հավանա-Մոսկվա-Երեւան չվերթով ժամանել են Հայաստան։ Այստեղ նրանց հետ հանդիպել են Կուբայի երկու այլ քաղաքացի եւ ԱՄՆ մեկնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ձեւակերպելու պատրվակով վերցրել առանձնապես խոշոր չափերի գումար. նախնական տվյալներով՝ 36.300 ԱՄՆ դոլար եւ 2.000 եվրո։
Քննությամբ պարզվել է ոմն Բարբարայի ինքնությունը, բավարար փաստական տվյալներ ձեռք բերվել առերեւույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակի վերաբերյալ:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կուբայի հանրապետության քաղաքացի Բարբարային մարտի 4-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ մյուս անձանց հայտնաբերելու, բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։
Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ըստ քննության տվյալների՝ Բարբարայի եւ նրա գործընկերների գործողություններից տուժել են Երեւանում գտնվող Կուբայի՝ նաեւ այլ քաղաքացիներ։
Տուժած անձանց ՔԿ-ից խնդրում են դիմել ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն (հասցե` ՀՀ, քաղաք Երեւան, Մամիկոնյանց 46/5) կամ զանգահարել 011 880-089, 011 880- 007 հեռախոսահամարներով:




























