Պետգույքի կառավարման վարչությունը 1 տարվա ընթացքում պետբյուջե է վերադարձվել 25 մլն դրամ:
Վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՊԳԿՎ իրավաբանական վարչության վարույթում 01.03.2017թ. դրությամբ պայմանագրային պարտավորությունները խախտած վարձակալների եւ գնորդների վերաբերյալ 115 գործ կա, որոնց մի մասով առկա են ընթացիկ դատական գործընթացներ՝ ՀՀ քաղաքացիական եւ վարչական դատարանների տարբեր ատյաններում: Վարչությունը հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող եւ երրորդ անձ՝ գումարային եւ ոչ գումարային տարբեր պահանջներով:
Գործերի մեկ այլ մասով՝ Վարչության օգտին բավարարված հայցերով կատարողական թերթեր են ներկայացվում հարկադիր կատարման, իսկ սնանկության վարույթում գտնվող այլ գործերով էլ Վարչությունը հանդես է գալիս որպես պարտատեր:
Ստորաբաժանման կողմից հարուցված հայցերի հիմքով բավարարված եւ օրինական ուժի մեջ մտած վճիռներով 2016 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե է վերադարձվել շուրջ 20 մլն ՀՀ դրամ գումար, իսկ 2017 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում արդեն՝ շուրջ 5 մլն ՀՀ դրամ գումար:
Պետական գույքի վարձակալների եւ գնորդների կողմից ստանձնած պայմանագրային պարտավորությունների ծավալը եւ չափերը բազմազան են՝ վարձակալական գումարներից մինչեւ խոշոր չափերի ներդրումային պարտավորություններ:




























