«Ելք» դաշինքի նախընտրական գործունեությանը խոչընդոտում են Վանաձոր քաղաքում՝ մասնավորապես անհայտ անձինք պատռել են կամ սեւ ներկ են լցրել այն պաստառների վրա, որոնց վրա «Ելք»-ից պատգամավորի թեկնածու Էդմոն Մարուքյանն էր պատկերված։
News.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ «Ելք» դաշինքից 9-րդ ընտրատարածքում պատգամավորի վարկանիշային թեկնածու Հրանտ Այվազյանը հայտնել է, որ դեռ հայտնի չէ, թե ով է կանգնած այդ ամենի ետեւում, ու ինչու են փչացրել միայն Մարուքյանի պաստառները։ Բայց կարելի է ենթադրել, որ բարբարոսները փչացրել են հենց այդ թեկնածուի պաստառները, քանի որ դրանք Վանաձորի փողոցներում մյուսներից շուտ են հայտնվել։ Նա հավելել է, որ Մարուքյանի պատկերով պաստառները փչացվել են նաեւ Սպիտակ քաղաքում։
ՀՐանտ Այվազյանը հայտնել է, որ պաստառները գիշերն են ներկել, ականատեսներ չկան, բայց տեսահսկման որոշ տեսախցիկներ արձանագրել են տեղի ունեցածը։ ՀԻմա տեսագրություններն ուսումնասիրում է ոստիկանությունը։
«Ելք» դաշինքի ներկայացուցչի խոսքով, մարզերում աշխատանքի հիմնական բարդությունն այն է, որ մարդիկ բավականաչափ տեղեկացված չեն, թե ինչպես են անցնելու գալիք ընտրությունները ։ Շատերը չգիտեմ, որ իրենք պետք է նախեւառաջ կուսակցությունն ընտրեն, հետո նոր՝ պատգամավորի թեկնածուին։ Այվազյանը նույնպես այնպիսի տպավորություն ունի, որ Վանաձորում մարդիկ պասիվ են ու վախեցած, նրանք վախենում են գալ դաշինքի թեկնածուների հետ հանդիպումներին։ Նրա խոսքով, գյուղական համայնքներում իրավիճակն ավելի վատ է՝ ավագանու միջոցով բնակիչներին կաշառք են խոստանում՝ փոխարենը պահանջելով քվեարկել ում օգտին, որ պետք է։
Հրանտ Այվազյանը հավելել է, որ այսօր Վանաձորում «Ելք»-ի գրասենյակ են այցելել ԵԱՀԿ դիտորդները ու դաշինքի անդամները նրանց պատմել են այդ բոլոր խնդիրների մասին։




























