Հայաստանը անվտանգությունը կառուցում է ոչ թե շահերի հակասությունների, այլ ընդհանրության վրա։ Այս մասին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ելույթ ունենալով Երեւանում «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի «Փոփոխությունների ժամանակաշրջան․ աշխարհը գլոբալ անկանխատեսելիության դարաշրջանում» արտագնա նստաշրջանի ժամանակ։

Խոսելով ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մասին՝ նախարարը նկատել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը, ինչպես եւ շատ այլ հետխորհրդային երկրներ, սկսել են երկխոսություն Դաշինքի հետ։ «ՀԻմա համագործակցությունը զարգանում է անհատական գործընկերության ծրագրի շրջանակում։ Այն բաց ու հասկանալի է գործընկերների համար։ Հայաստանը կարեւորում է մասնակցությունը խաղաղաստեղծ գործունեությանը։ Հիմա հայ խաղաղապահները մասնակցում են առաքելությունների Կոսովոյում, Աֆղանստանում, Լիբանանում»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ համագործակցության ոլորտները շատ են՝ ռազմական բժշկություն, ռազմական կրթություն, ԶՈՒ նկատմամբ ժողովրդավարական հսկողություն։

Մեկնաբանելով աշխարհում իրադարձությունների բացասական զարգացման մասին հարցը՝ նախարարը նշեց, որ նույնիսկ եթե առաջնորդվենք նրանով, որ ամեն ինչ շատ վատ է լինելու, ու գլոբալ խաղացողների հարաբերությունները վերածվելու են սեւ-սպիտակ պատկերի, Ռուսաստանի համար լավ կլիներ ունենալ թափանցիկ, կանխատեսելի գործընկեր, որը կարող է դառնալ կապի ուղի։