ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատմական է անվանել անցյալ դարի կեսերին ԽՍՀՄ իշխանությունների` հայերի հայրենադարձություն կազմակերպելու որոշումը:

Հանդես գալով Երեւանում միջազգային «Վալդայ» ակումբի շրջանակներում «Փոփոխությունների ժամանակը. Աշխարհը` գլոբալ անկանխատեսելիության ժամանակաշրջանում» թեմայով քննարկմանը` նախարարը նշել է, որ ավանդաբար Հայաստանը ինտենսիվ երկխոսության մեջ է ԵՄ երկրների հետ, որտեղ մեծ հայկական համայնքներ կան, մեծ հայկական համայնքներ կան նաեւ ԱՄՆ-ում եւ Մերձավոր Արեւելքի երկրներում:

«Իմ գնահատմամբ` նույնիսկ ԽՍՀՄ տարիներին սփյուռքի առկայությունը շփման հնարավորություններ էր ստեղծում: Խորհրդային շրջանում Հայաստանի գլխավոր ձեռքբերումը հայերի հայրենադարձություն կազմակերպելն էր: Ցեղասպանությունից 20-30 տարի անց խորհրդային իշխանությունները իմ կարծիքով հայերի հայրենադարձություն կազմակերպելու պատմական որոշում ընդունեցին: Մինչեւ 300 հազար հայեր Հայաստան վերադարձան` Մերձավոր Արեւելքի, Արեւմտյան ու Արեւելյան Եվրոպայի բազմաթիվ երկրներից»,-նշել է Վիգեն Սարգսյանը: