Հայաստանի ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին եւ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, այսօր՝ մարտի 11-ին, հարգանքի տուրք մատուցեցին 2011թ. Ճապոնիայի եւ 1988 թ. Սպիտակի երկրաշարժերի զոհերի հիշատակին` ծաղկեպսակ դնելով ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի կենտրոնական պուրակում տեղադրված հուշարձան-խաչքարերին:

Է. Տագուչին, շնորհակալություն հայտնելով ՀՀ Կառավարությանը եւ հայ ժողովրդին 2011 թ. Ճապոնիայի երկրաշարժի ժամանակ անգնահատելի աջակցություն ցուցաբերելու համար, նշեց որ Ճապոնիայի ժողովուրդը, իսկապես, զգացված է Հայաստանի բարեկամական վերաբերմունքից եւ բարձր է գնահատում Սպիտակի խաչքարի տեղադրումը:

«Շնորհակալություն եմ հայտնում Սպիտակի քաղաքապետին եւ քաղաքի բնակչությանը՝ ամեն տարի հարգանքի տուրքի մատուցման արարողությանը մասնակցելու համար: 1988 թ. Սպիտակի երկրաշարժից ի վեր Ճապոնիան աղետների կանխարգելման միջոցառումների շրջանակում բազմաբնույթ համագործակցություն է ցուցաբերել: Այս առիթով ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանին եւ իր անձնակազմին՝ աջակցության եւ համագործակցության համար»,- ասաց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը:

Լրագրողների հետ զրույցում ԱԻ նախարար Դ. Տոնոյանը նշել է. «Ճապոնիայի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցումը եւս մեկ հնարավորություն էր մեզ համար ողջունելու եւ ընդգծելու Ճապոնիայի կառավարության հետ մեր համագործակցության արդյունավետությունը եւ կարեւորությունը: Այն շատ բարձր է գնահատվում եւ, անշուշտ, կլինի շարունակական»:

Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը, վերապրելով երկրաշարժի ծանր փորձը, յուրովի ընկալեց Ճապոնիայի ժողովրդի վիշտը՝ տրամադրելով իր աջակցությունը: Նա ընդգծեց երկու պետությունների կառավարությունների միջեւ ձեւավորված ակտիվ համագործակցությունը, որի արդյունքները ակներեւ եւ շոշափելի են նաեւ մարզային եւ համայնքային կյանքում:

Նշենք, որ 2011թ. մարտի 11-ին, տեղական ժամանակով ժամը 14:46-ին Խաղաղ օվկիանոսում` Տոկիոյից 231 կմ հյուսիս-արեւելք, տեղի ունեցավ 9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: Մասնագետների կարծիքով` այդ երկրաշարժը հզորությամբ աշխարհում հինգերորդն էր (1900թ. ի վեր) եւ հզորագույնը Ճապոնիայում երբեւէ տեղի ունեցածներից: Երկրաշարժից հետո մեկ ժամվա ընթացքում ցունամիի հսկայական ալիքները ողողում էին

Ճապոնիայի ափերը` իրենց ճանապարհին սրբելով պատահած ամեն ինչ` մեքենաներ, մոտորանավեր ու գնացքներ, քանդելով շինությունները, ճանապարհներն ու կամուրջները: Երկրաշարժը դարձավ նաեւ «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ում վթարի պատճառ: Տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին, հարյուր-հազարավորները մնացին անապաստան: