«Հաց բերող» Արթուր Սարգսյանի երկրորդ կալանավորումը քաղաքական, քարոզչական բնույթ էր կրում։ Այս մասին մարտի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ծառուկյան» դաշինքից պատգամավոի թեկնածու Մանուկ Սուքիասյանը։
«Որպես ՀՀ քաղաքացի՝ ես իրավապահներից պահանջում եմ պատասխանել հետեւյալ հարցերին՝ առաջին հարցն է՝ ինչու՞մ էր կայանում Արթուրին երկրորդ անգամ կալանավորելու անհրաժեշտությունը, ինչպիսի՞ հարցեր նրան չէին տրվել առաջին կալանքի ժամանակ։ Եւ երկրորդ հարցը՝ ինչի՞ն կխանգարեր Արթուրը, եթե ազատության մեջ մնար։ Ես պատասխաններ եմ պահանջում քննչական կոմիտեից եւ Հայաստանի գլխավոր դատախազությունից», - նշել է Սուքիասյանը։
Նա ընդգծել է, որ եթե նրանք չտան այդ հարցերի պատասխանները, նշանակում է, այդ կառույցներն իշխանությունների քաղաքական պատվերն են կատարում։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։
«Հաց բերողը» կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունենալու պատճառով ազատ արձակվեց դեկտեմբերի 30-ին, ապա կրկին կալանավորվեց՝ քննչական մարմին չներկայանալու պատճառաբանությամբ:
Իրեն ազատ արձակելու պահանջով Արթուր Սարգսյանը 25 օր հացադուլի մեջ էր: Նրա խափանման միջոցը փոխվեց միայն մարտի 6-ին՝ մի խումբ պատգամավորների անձնական երաշխավորության դիմաց:
Արթուր Սարգսյանը 48 տարեկան էր, մասնագիտությամբ քանդակագործ, փորագրող վարպետ:



























