Մինչ այսօր Իրանի հետ հարաբերությունները չեն եղել ի վնաս Հայաստանի եւ միայն օգուտ են բերել: Շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար միակ ուղին Իրանի հետ բարեկամական, գործընկերային հարաբերություններն են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը, մեկնաբանելով Իրանի քաղաքականության մեջ նոր միտումները:
«Որքան էլ խոսեն Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման մասին, Հայաստանը դրան պատրաստ չէ: Պետք է մեզ հասկանալ. Հայաստանը բազմավեկտոր քաղաքականություն է վարում եւ տնտեսական համագործակցության մեջ է Իրանի հետ: Չնեղացնելով ԱՄՆ-ին, մենք կշարունակենք մեր համագործակցությունն Իրանի հետ»,- ասել է Զոհրաբյանը:
Անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե Հայաստանը տարածաշրջանում պետք է դառնա բուֆեր պետություն եւ միջնորդ, ՀՀԿ փոխնախագահը կարծիք է հայտնել, որ Հայաստանին կհաջողվի բացառել խնդրի լուծումը ռազմական ճանապարհով: «Եթե տարածաշրջանում պատերազմ սկսվի, Հայաստանն ավելի շատ կտուժի, քան Իրանը: Հայաստանը փոքրիկ երկիր է եւ պատերազմը կանդրադառնա մեզ վրա ոչ միայն տնտեսական առումով: Ո՞վ կարող է երաշխավորել, որ մի «կույր» հրթիռ չի ընկնի Հայաստանի տարածքում: Դրա համար էլ մենք ձգտում ենք մեզ վրա վերցնել միջնորդի դերը, որպեսզի խուսափենք պատերազմից տարածաշրջանում»:





























