«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնից տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից: 

Մարտի 21-ին Հովհաննեսին տեղափոխել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն:

ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությունից պահանջել է մինչեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի կալանքի վերաբերյալ որոշում կայացնելը, բժիշկների խումբ ձեւավորել, որն էլ  կորոշի՝ արդյոք նա այդ հիվանդությունների առկայության դեպքում կարող է մնալ կալանավայրում, թե անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց: Նրա փաստաբանի պնդմամբ՝ Հայաստանի կառավարոթւյունը ՄԻԵԴ-ի պահանջը չի կատարել:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը  ոտքի ծանր վիրավորում էր ստացել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում նրա ոտքը մեկ անգամ վիրահատել են:

Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Նա կալանավորված է: