Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը պարզաբանում է ներկայացրել «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի պաշտպանի հայտարարության վերաբերյալ:
«Հովհաննես Հարությունյանի շահերի պաշտպանը հայտարարել է, թե մինչ օրս չի տրամադրվել իր պաշտպանյալի՝ վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնում անցկացված հետազոտության արդյունքները` հավելելով, որ մարտի 24-ին դիմել է ՔԿՎ եւ պահանջել հետազոտության արդյունքները, որոնք մինչ օրս իրեն չեն տրամադրվել. «Ուրբաթ օրն եմ դիմել, բայց մինչեւ հիմա չի տրամադրվել ինձ»:
Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ սույն հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, քանզի մարտի 24-ին տիկին Հայարփի Սարգսյանը դիմել է ոչ թե ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչություն, այլ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատրողական հիմնարկ եւ այսօր սահմանված ժամկետում ստացել իր պահանջած բժշկական հետազոտությունների լուսապատճենները:
Ի դեպ մարտի 24-ին Քրեակատարողական ծառայությունը Հ. Սարգսյանին ուղարկել է գրություն, որպեսզի վերջինս ՄԻԵԴ-ի որոշման շրջանակներում ներկայացնի իր կողմից նախընտրած բժիշկ-մասնագետների թեկնածությունները` ձեւավորվելիք բժշկական հանձնաժողովում ընդգրկելու համար:
Ի պատասխան այս գրությանը` Հայարփի Սարգսյանը մարտի 28-ին Քրեակատարողական ծառայությանն է ուղարկել գրություն, որում մասնավորապես նշված են եղել իր նախընտրած բժիշկ-մասնագետի տվյալները: Նույն գրության մեջ Հ. Սարգսյանը պահանջել է նաեւ մարտի բոլոր հետազոտությունների արդյունքները, այդ թվում` ռենտգեն նկարները:
Այս գրությանը պատասխան տրվել է նույն օրն իսկ` մարտի 28-ին, որով մասնավորապես Հ. Սարգսյանին եւս մեկ անգամ առաջարկվել է նաեւ իր կողմից նախընտրած բժիշկ-մասնագետի միջոցով տեղում ծանոթանալ, ուսումնասիրել եւ նկարահանել ռենտգեն ժապավենների նեգատոսկոպիկ պատկերները, ինչից նա կրկին հրաժարվել է:
Ինչ վերաբերում է պաշտպանի կողմից մատնանշված իբր առկա այլ հիվանդություններին, ապա հայտնենք, որ կալանավորված անձ Հ. Հարությունյանը նմանատիպ գանգատներով երբեւէ չի դիմել բժիշկներին:
Այդուհանդերձ, անհրաժեշտության դեպքում կնշանակվեն համապատասխան հետազոտություններ»,- ասված է պարզաբանման մեջ:




























