«Ծառուկյան» դաշինքի համագործակցության ձեւաչափերն այլ քաղաքական ուժերի հետ, բացի Հայաստանի հանրապետական կուսակցությունից, հայտնի կդառնան ապրիլի 3-ին։ Այս մասին մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ծառուկյան» դաշինքից պատգամավորության թեկնածու Միքայել Մելքումյանը։
Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք նա իրական հնարավորություններ տեսնում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հետ համագործակցելու՝ ինչպես այդ մասին հայտարարել է առաջնորդներից Վարդան Օսկանյայնը, Մելքումյանը նշել է.
««Ծառուկյան» դաշինքը չի տառապում մենաշնորհային ձեւով քաղաքական իշխանությունը վերցնելու տենդով։ Ապրիլի 3-ին հայտնի կդառնա, թե ինչ ձեւաչափով ենք մենք առաջ շարժվում այն կուսկացությունների հետ, բացի ՀՀԿ-ից, որոնք կկիսեն մեր մոտեցումներն ու տեսակետերը, այդ թվում՝ Վարդան Օսկանյանի հայտարարության ֆոնին»։
Հիշեցնենք, որ Օսկանյանը հայտարարել է. «Ըստ մեզ մոտ առկա հարցման տվյալների՝ «Ծառուկյան» դաշինքն առաջին տեղում է, մենք եւս ծանրակշիռ ցուցանիշներ ունենք, եւ ընտրություններից հետո այդ համատեքստում ընտրություններից հետո ես համագործակցության հեռանկարներ եմ տեսնում»։




























