Պետական դավաճանության մեջ մեղադրվող՝ հետախուզության պետ, կոչումով մայոր 38-ամյա Գարիկ Մարությանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման:

NEWS.am-ի տեղեկություններով, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Մարությանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել 14 տարվա ազատազրկման:

Նշենք, որ այս գործով նիստերն ընթանում էին դռնփակ: Գարիկ Մարությանն իրեն առաջադրված մեղադրանքը չէր ընդունում:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Գարիկ Մարությանն 1997-2014թթ. զբաղեցրել է ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոնը: Ծառայությունն ավարտելուց հետո 2015թ. հուլիսին նա «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքով ծանոթացել է «Vazgen Kirakosyan» օգտատիրոջ տվյալներով հանդես եկող օգտատիրոջ հետ եւ ընկել Թուրքիայում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտը: Նա ադրբեջանական կողմին հաղորդագրություններով փոխանցել է իրեն հասանելի տեղեկություններ, որոնք կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետությունն ու Զինված ուժերը վարկաբեկելու նպատակով: Այս ամենի դիմաց Գարիկ Մ.-ն ստացել է 700 ԱՄՆ դոլար եւ հեծանիվ:

Գարիկ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: