Այս տարվա առաջին կիսամյակում հայաստանյան մանկատներից որդեգրվել է շուրջ 60 երեխա, որոնցից 35-ը՝ օտարերկրյա քաղաքացիների կողմից։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովի քարտուղար, ՀՀ կառավարության սոցիալական հարցերի վարչության պետ Արամ Կարապետյանը:
Նրա խոսքով, հայ երեխաներին որդեգրելու հարցում ակտիվ են հատկապես ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի քաղաքացիները։ «Այդ մարդիկ մեծամասամբ հայեր են, որովհետեւ մեր հանձնաժողովը նախապատվությունը տալիս է նախեւառաջ հայազգի որդեգրողներին։ Մասնավորապես հաշվի է առնվում նաեւ նրանց տարիքը։ Երեխաներին որդեգրելու հնարավորություն ունեն մինչեւ 40-50 տարեկան ամուսիները»,- ասաց Արամ Կարապետյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ ամերիկաբնակ եւ ֆրանսիաբնակ հայերը չեն խուսափում անգամ ինչ-ինչ հիվանդություններով տառապող երեխաների որդեգրումից։ «Եթե նրանք տեսնում են, որ այդ հիվանդություններն իրենց երկրում բուժելի են, առանց վարանելու որդեգրում են այդ երեխաներին»,- նկատեց Որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովի քարտուղարը
Նրա խոսքով, անցած տարվա համամետությամբ 2010-ին արտասահմանցի ծնողների կողմից հայազգի երեխաների որդեգրման ցուցանիշը գրեթե անփոփոխ է մնացել։ «Որդեգրողները, հիմնականում լեզվական խոչընդոտները հաղթահարելու համար, գերադասում են վերցնել նորածին կամ մինչեւ 2 տարեկան երեխաների։ Մենք, իհարկե, մեր դեսպանությունների միջոցով հետամուտ ենք լինում նրանց հետագա ճակատագրին։ Լինում են նաեւ դեպքեր, երբ մերժում ենք որդեգրման համար մեզ դիմած ամուսիններին։ 50-ն անց մարդկանց միանշանակորեն երեխաների խնամակալություն չենք վստահում»,- ասաց ՀՀ կառավարության սոցիալական հարցերի վարչության պետը;
Նշենք, որ Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալներով, հայաստանյան մանկատներում բնակվող յուրաքանչյուր երեխայի պետությունն օրական կտրվածքով հատկացնում է միջինը շուրջ 4900 դրամ՝ ներառյալ սնունդի, դեղորայքի, կոմունալ վճարների եւ այլնի համար պահանջվող գումարներ։




























