Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված 10 բանտարկյալների հարազատները, որոնք նստացույց են անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց, հանդիպել են գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ մարտի 31-ին, կալանավորվածներից Էդուարդ Զեյթունյանի կինը նշեց, որ երեկ իրենց ընդունել է Արթուր Դավթյանը եւ իրենք ներկայացրել են իրենց պահանջը՝ հարազատների խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:
«Դատախազն ասաց, որ 10 կալանավորվածներից 3-ի ճակատագիրն արդեն որոշված է, մեղմացուցիչ հանգամանքներ կան եւ Արման Ադամյանը, Ժորա Ավետիսյանն ու Հարություն Թորոսյանը, եթե մեղադրանքը կընդունեն՝ ազատ կարձակվեն ստորագրությամբ»,-ասաց նա:
Տիկին Լալան նշեց, որ իրենք այսօր էլ են շարունակելու իրենց նստացույցը դատախազության շենքի դիմաց, քանի դեռ իրենց պահանջը դեռ լիովին չի կատարվել՝ ազատ չեն արձակվել կալանավորված 10 սարիթաղցիները:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն, Էդուարդ Զեյթունյանը ու Կարեն Վանոյանը 2016թ. հուլիսի 19-ին ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են:
Կալանավորվածների հարազատները մինչդեռ պնդում են՝ նրանք ընդամենը պահանջել են, որ իրենց հոսանքն ու ջուրը միացնեն, բացեն փակ ճանապարհները:


























