«Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլ» Արայիկ Խանդոյանի գործով դատական նիստի ընթացքում վիճաբանություն է սկսվել, նիստը դարձել է դռնփակ, այնուհետեւ հետաձգվել: Այս մասին այսօր` մարտի 31-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արայիկ Խանդոյանի փաստաբանը` Արա Ղարագյոզյանը:

Նրա խոսքով` իր պաշտպանյալը փորձել է ելույթ ունենալ, սակայն դատավորը արգելել է նրան. «Արայիկը մի քանի խոսք ուներ ասելու Հանրապետական կուսակցության վերաբերյալ, սակայն դատավորը` Արշակ Խաչատրյանը, նրան թույլ չի տվել: Դրանից հետո նա ընդվզել է` ասելով, որ դատավորը սահմանափակում է իր խոսելու իրավունքը, որ նա դրա իրավունքը չունի ու վիճաբանություն է սկսվել: Դահլիճից նույնպես սկսեցին գոռալ, եւ դատավորը որոշեց նիստը շարունակել դռնփակ պայմաններում, սակայն դահլիճում ներկա հանրության ներկայացուցիչները չեն հեռացել դատական նիստերի դահլիճից»,-ասաց նա:

Դատական նիստի ընթացքում փաստաբան Արա Ղարագյոզյանը դատարանին՝ դատավոր Արշակ Խաչատրյանի նախագահությամբ, ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել:

Նրա խոսքով` դատավորը չի կարող անկողմնակալ լինել:

«Հանցագործները պետական պաշտոններ են զբաղեցնում, իսկ հերոսները, որոնց օգնությամբ պետականություն է կերտվել, գտնվում են անազատության մեջ: Կոչ եմ անում դատարանին քաղաքական պատվեր չկատարել»,-ասել է նա:

Արա Ղարագյոզյանը նաեւ նշեց, որ պաշտպանական կողմը չի մասնակցի հաջորդ նիստին, եթե այն դռնփակ անցկացվի:

Հաջորդ դատական նիստը նշանակված է ապրիլի 4-ին:

Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):