Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը դրական է գնահատում: Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

«Քարոզարշավի ընթացքում բոլոր ուժերի համար, ընդհանուր առմամբ, ստեղծվել են հավասար պայմաններ եւ հնարավորություններ նախընտրական քարոզչության համար: Քարոզարշավն աննախադեպ ազատ եւ արդար մթնոլորտում է անցել, որեւէ քաղաքական ուժի իրավունքներ չեն սահմանափակվել»,- ասել է Շարմազանովը:

Նրա խոսքով, ՀՀԿ-ն ինչ ծրագրել եւ նախաձեռնել էր, իրականացրել է: «Համայնք առ համայնք հանդիպել ենք ընտրողների հետ: Թե մեր ուղիղ շփումները, թե սոցիոլոգիական տարբեր հարցումներ գալիս են վկայելու, որ ընտրական մարաթոնի ֆինիշին ՀՀԿ-ն ունի բոլոր շանսերը հաջողություն գրանցելու»,- ասել է նա՝ հավելելով, թե հաջողություն ասելով նկատի չունեն 5 կամ 10 տոկոսը, այլ ընտրողների վստահությունը, որ ՀՀԿ-ն մենակ կամ կոալիցիոն գործընկերների հետ կարող է կազմել կառավարություն:

«Ընտրողները պահանջում են համակարգային փոփոխություններ, ՀՀԿ-ն է դրանց ծնողը եւ շարունակելու ենք բոլոր ոլորտներում: Մենք իրատեսական ծրագիր, մրցունակ գաղափարախոսություն, հզոր կուսակցություն եւ կառույցներ ունենք»,- ասել է նա: