ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ԱԺ 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ ապրիլի 1-ի դրությամբ:

Այս առնչությամբ, ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության նախորդ օրը, լիազոր մարմինը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, հաշվառում չունեցող ընտրողների, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը:

Այսպես.

քվեարկության նախորդ օրը ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է` 2.564.195

որից՝

- ըստ գտնվելու վայրի ընտրողների և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների թիվը` 28.277,

- հաշվառում չունեցող ընտրողների թիվը ` 915,

-ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների թիվը՝ 197,

- ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների թիվը 2001»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ քվեարկության օրվանից 20 օր առաջ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն էր` 2.564.244, իսկ 10 օր առաջ՝ 2.564.795:

Այսինքն վերջին 10 օրում ընտրողների թիվը նվազել է 600-ով: