Հայաստանի խորհրդարանական ընտրություններում առաջադրված «Ելք» դաշինքը մի շարք ընտրախախտումներ է արձանագրել:
«Ելք»-ից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 08։00-09։30 րոպեին «Ելք» դաշինքի վստահված անձինք արձանագրել են հետեւյալ ընտրախախտումները.
«• Արձանագրվել են մասսայական դեպքեր, որ կտրոնի համարը չի համապատասխանել մատյանում նշված համարին։ Ահազանգերը ստացվել են Վանաձորից եւ Երեւանից (մասնավորապես՝ ընտրատեղամաս 8/12, թիվ 3 ընտրատարածք, Մալաթիա-Սեբաստիա համայնք)։
• Արձանագրվել են քվեախցիկում գտնվող աղբարկղի դատարկման մասսայական դեպքեր։ Քաղաքացիները չօգտագործված քվեաթերթիկները դուրս են հանում։ Ահազանգերը ստացվել են Վանաձորից, Երեւանից, Վայքից։
• Չի պահպանվում քվեաթերթիկների դասավորության 1-9 համարակալման հերթականությունը։
• Հանձնաժողովների նախագահները հրաժարվում են արձանագրություն կազմել տեխնիկական սարքերի շեղումների վերաբերյալ։ Սարքի չաշխատելու պարագայում մատյանում չեն գրանցում քաղաքացու անձնագրի տվյալները (մասնավորապես՝ 16/1, թիվ 5 ընտրատարածք, Արարատի մարզ)։
• Քաղաքացիները ներկայացել են օգնականներով, այնինչ դրա անհրաժեշտությունը չի եղել, իսկ հանձնաժողովի նախագահը հրաժարվել է արձանագրել (մասնավորապես` 15/7 ընտրատեղամաս, թիվ 7 ընտրատարածք, Արագածոտնի մարզ)։
• Հայտնաբերվել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ Հայաստանի կոմունիստական կուսակցության քվեաթերթիկների անկյունները սեւացված են եղել»:




























