Հայաստանում այսօր շատ խնդիրներ կան, որոնք պետք է լուծել: Մասնավորապես` խնդիրներ կան կապված հասարակության, կրթական համակարգի, ազգային արժեհամակարգի հետ: Միայն ընտրություններով այդ խնդիրները չեն լուծվի, բայց միեւնույն ընտրությունները կարեւոր քայլ են: Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը` ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում Երեւանի 9/49 ընտրատեղամասում քվեարկելուց հետո:
Նրա խոսքով` եթե մարդիկ ցանկանում են իրենց երկրի տեր զգալ, խորհրդարանական ընտրությունները շատ լավ հնարավորություն են դրա համար:
«Ես կցանկանայի, որ բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն Հայաստանի ներկայի ու ապագայի նկատմամբ, անպայման մասնակցեն ընտրություններին: Եւ հակառակը, բոլոր նրանք, ովքեր անտարբեր են Հայաստանի նկատմամբ, կարող են չմասնակցել», - ասել է Ռուբեն Բաբայանը:
Հիշեցնենք, որ այսօր` ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենում: Ընտրապայքարին մասնակցում են 5 քաղաքական կուսակցություն եւ 4 դաշինք: Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոս, իսկ դաշինքները` 7 տոկոս շեմը:




























