«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը, մեծ ակնկալիք ունի այս ընտրություններից:
«Այս ընտրությունները տարբերվում են մյուս ընտրություններից»,- քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Ռոզա Ծառուկյանը:
Հարցին, թե Ծառուկյանին կհաջողվի հաղթանակ տանել, տիկին Ծառուկյանը պատասխանել է. «Որդուս մասին ոչ մի բան չեմ ասելու, այդ մասին հարցրեք հանրությանը, որպես մայր՝ չեմ պատասխանի իմ որդու մասին հարցին: Մայրը որդու մասին ոչինչ չի պատասխանում»:
Այսօր՝ ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ 2015թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Հայաստանի 6-րգ գումարման Ազգային ժողով են անցնելու առնվազն 105 պատգամավորներ (նրանցից 4-ը՝ ազգային փոքրամասնություններին տրվող հատուկ քվոտաներով)։
Ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։



























