Թիվ 4 ընտրական տարածքում ՀՀԿ տարածքային թեկնածու Հաբոկ Բեգլարյանի շտաբի ներսում որեւէ միջադեպ տեղի չի ունեցել, քաշքշուկը եղել է շտաբից դուրս: Նման հայտարարությամբ է հանդես եկել Հակոբ Բեգլարյանի նախընտրական շտահը:
Հայտարարության մեջ ասվում է.
«Ազատություն» ռադիոկայանի հրապարակմանն ի պատասխան, թե Կոնդում գտնվող ՀՀԿ պատգամավորության թեկնածու Հակոբ Բեգլարյանի շտաբում մի խումբ անձինք, այդ թվում` երիտասարդներ, հարձակվել են լրագրողների վրա, տեղեկացնում ենք.
շտաբի ներսում որեւէ միջադեպ տեղի չի ունեցել: Իսկ նշված քաշքշուկը եղել է շտաբից դուրս` լրագրողների եւ քաղաքացիների միջեւ, ինչը հստակ երեւում է նույն լրատվամիջոցի տարածած տեսանյութում:
Ինչ վերաբերում է հրապարակման ակնարկներին, թե շտաբում ընտրակաշառք է բաժանվում, հայտնում ենք, որ որեւէ ընտրակաշառք բաժանելու մասին խոսք լինել չի կարող, դա հերթական ապատեղեկատվությունն է»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կոնդում այսօր՝ ապրիլի 2-ին, հարձակման է ենթարկվել «Ազատության» թղթակից Սիսակ Գաբրիելյանը: «Ազատության» փոխանցմամբ, ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ մեր թղթակիցը նկատել է, որ ընտրողները, նախքան տեղամաս գնալը, մտնում են ՀՀԿ-ից առաջադրված թեկնածու Հակոբ Բեգլարյանի շտաբ: Դուրս գալուց նրանցից մի քանիսի ձեռքին մեր թղթակիցը գումար է նկատել, որից հետո նույնպես մտել է շտաբ:
Տեղում գտնվող անձինք, նկատելով լրագրողին, պարզաբանել են, թե ոչ թե ընտրակաշառք են բաժանում, այլ աշխատավարձ: Այդ ժամանակ շտաբում գտնվող մի խումբ անձինք, այդ թվում՝ երիտասարդներ, հարձակվել են լրագրողի վրա, խլել հեռախոսը, սկսվել է քաշքշուկ եւ թղթակիցը աչքի հատվածում թեթեւ վնասվածք է ստացել:
Այս խնդրի առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:




























