«Ծառուկյան» դաշինքի Գյումրիի տարածքային թեկնածու, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր քվեարկության է գնացել թոռնուհու հետ: Նա քվեարկելու ընթացքում բողոքել է ընտրողների գրանցման տեխնիկական սարքավորումներից՝ նշելով, որ դրանք խոչընդոտում են քվեարկության ընթացքը. «Բարդությունները ստեղծել են, որ քվեարկության չգան, խոչընդոտեն: Ես որ բարդություն եմ տեսնում, բա մնացա՞ծն ինչ ասեն»:
Քվեարկելուց հետո Վարդան Ղուկասյանը ասել է, որ հանուն հայրենիքի ապագայի է քվեարկել:
«Ես քվեարկեցի մեր երկրի ապագայի համար, որ երկիրը շենանա, լույս տեսնենք ընդհանրապես: Այսօր ապրիլի 2-ն է, այն 100 երեխաները, զինվորները, որ նահատակվեցին մեր երկրի համար, այ իրենց հոգիները հիմա ճախրում են, այստեղ են, որ տեսնեն, թե մեր երկիրն ամուր ձեռքերի մեջ է գտնվում, եւ իրոք այն ղեկավարները, որոնք գրպանի ու որովայնի համար են աշխատում, դրանք թող ռադ լինեն, գնան, այդպես եմ ես ընդունում, թող բարեպաշտները գան»,-ասել է նա:


























