Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի ղեկավարի կողմից ընտրողներին ուղղորդելու, ինչպես նաեւ նույն տեղամասում, վստահված անձին ծեծի ենթարկելու եւ դիտորդի աշխատանքը խոչնդոտելու վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներն ՀՀ գլխավոր դատախազության կողմից շտապ կարգով ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե համապատասխան ստորաբաժանում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու հանձնարարությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչն ահազանգում է, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի թիվ 21/28 տեղամասում Զոլաքարի գյուղապետը ուղղորդում է ընտրողներին, իսկ ոստիկանները գյուղապետի ցուցումով դրսեւորում են անգործություն:
«Դիտորդի փոխանցմամբ՝ տեղամասում տեղի է ունենում բաց քվեարկություն, ծեծել եւ դուրս են հանել վստահված անձի, սպառնացել են իրեն:
Նկարագրված բոլոր խախտումները տեսագրվել են դիտորդի կողմից: Դրանց վերաբերյալ նաեւ դիմում է ներկայացվել ՀՀ Ոստիկանություն եւ ՀՀ Գլխավոր դատախազություն»,-ասված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:


























